2024 թվականի մայիսի 7-ին Անի Պլազա հյուրանոցում, կայացել է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) արդյունքների ներկայացման միջոցառումը: Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան հյուրեր Ծրագիրն իրականացնող ԵՄ անդամ պետություններից՝ Գերմանիայից, Լատվիայից, ինչպես նաև պաշտոնատար անձինք ՀՀ կառավարությունից, Եվրոպական միության պատվիրակությունից, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններից և միջազգային ու տեղական կազմակերպություններից:
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ին և ավարտվում է 2024թ. մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվել է ԵՄ կողմից: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնցից 3-ի շահառուն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝Հանձնաժողով) է, 1-ինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
Ծրագրի ընդհանուր նպատակն է եղել խթանել Հայաստանի պետական հատվածում բարեվարքության տարածումը և կոռուպցիայի կանխարգելումը: Որպես հատուկ նպատակ ծրագիրն ուղղված է եղել աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարի (բարեվարքության) ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների իրականացմանը և ինստիտուցիոնալ կարողություննների զարգացմանը՝ ստեղծելու կոռուպցիայի կանխարգելման միջավայր, ինչպես նաև նպաստելու Հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների իրականացմանը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող, շահառու պետության ծրագրի ղեկավար Մարիամ Գալստյանը, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գերմանիայի Ներքին Գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Յոհան Սաթոֆը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը, Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության ծրագրերի պլանավորման և իրականացման բաժնի պետ Ուլդիս Կարկլևալքսը: