Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հունիսի 30-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում անցկացրել է իրազեկման հանդիպում՝ 10–12-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Ռուբեն Զաքարյանը ներկայացրել է «կոռուպցիա» հասկացությունը, դրա դրսևորման հիմնական տեսակները, պատճառներն ու հետևանքները։ Անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ գործիքակազմերին, ինչպես նաև Հանձնաժողովի լիազորություններին և գործառույթներին։
Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդների և աշակերտների դերին՝ կոռուպցիայի կանխարգելման, հանրային հաշվետվողականության խթանման և հասարակության մեջ բարեվարքության արժեքների ու սկզբունքների ամրապնդման գործում։
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման մթնոլորտում, աշակերտները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու կարծիքները՝ կարևորելով նմանօրինակ իրազեկման հանդիպումների անցկացումը և դրանց նշանակությունը հակակոռուպցիոն մշակույթի ձևավորման գործում։

