Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանումը նախընտրական շրջանում վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու իր մանդատի շրջանակներում, նախընտրական շրջանում շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրանցից բխող աշխատանքները: Միաժամանակ, Հանձնաժողովը հարկ է համարում անդրադառնալ քաղաքական բանավեճի և նախընտրական շրջանում պաշտոնատար անձանց կարծիքի արտահայտման ազատության սահմաններին և Հանձնաժողովի կողմից կիրառվող չափանիշներին․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ընտրություններին նախորդող շրջանում հատկապես կարևոր է, որ բոլոր տեսակի կարծիքներն ու տեղեկատվությունն ազատ շրջանառվեն, և անխոչընդոտ իրացվի թեկնածուների արտահայտման ազատության իրավունքը։

. Հաշվի առնելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքը՝ Հանձնաժողովը որդեգրել է համապատասխան մոտեցումն առ այն, որ նախընտրական շրջանում ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամ հանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց խոսքը վարքագծի կանոնների տեսանկյունից կարող է ոչ իրավաչափ համարվել միայն բացառիկ դեպքերում՝ երբ այն հանգեցնում է հանրային իշխանության հեղինակազրկմանը, այն է՝
– գռեհկաբանությունների, հայհոյախոսությունների կիրառման դեպքում,
– բռնության կոչ, սպառնալիք կամ արդարացում պարունակող խոսքի դեպքում,
– ատելության խոսքի դեպքում։

. Միաժամանակ, նախընտրական շրջանում կարծիքի արտահայտման ազատության առավել լայն սահմանները պետք է կիրառելի լինեն ոչ թե ցանկացած խոսքի նկատմամբ, այլ միայն քարոզչական նպատակներով կամ քարոզչության շրջանակներում կատարված խոսքի նկատմամբ։

. Հաշվի առնելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ակտիվ քարոզչական գործունեության մեկնարկը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների պարագայում վարքագծի կանոնների մեկնաբանման իմաստով «նախընտրական շրջանը» մեկնարկած է համարվում ՀՀ նախագահի՝ ընտրությունները նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

Վերոգրյալ չափանիշները համահունչ են ՄԻԵԴ նախադեպային իրավունքին և նպատակ ունեն երաշխավորելու նախընտրական շրջանում տարատեսակ կարծիքների ազատ արտահայտումն ու շրջանառությունը, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձ չհանդիսացող քաղաքական գործիչների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ նախընտրական շրջանում հնարավորինս միատեսակ կանոնների կիրառելիությունը։

Այնուամենայնիվ, Հանձնաժողովն ընդգծում է, որ անգամ կարծիքի արտահայտման ազատության լայն սահմանների պարագայում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հնարավորինս ձգտեն նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել բարեկիրթ և հարգալիր վարքագիծ՝ խուսափելով այլոց արժանապատվությունը ոտնահարող խոսքի գործածումից։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը կոչ է անում նախընտրական քարոզչություն իրականացնող՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դրսևորել հնարավոր զսպվածություն՝ խուսափելով հանրային իշխանությունը հեղինակազրկող վարքագծից։

Միաժամանակ, Հանձնաժողովը կոչ է անում լրատվամիջոցներին խուսափել Հանձնաժողովի կողմից քաղաքական բանավեճի ազատությունը երաշխավորելու նպատակով սահմանված վերոգրյալ չափանիշները շահարկելուց, դրանք միակողմանի կերպով լուսաբանելուց։

 

 

 

 

Scroll to Top