Հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են Քիշնևում կայացած տարածաշրջանային աշխատաժողովին

2026 թվականի մարտի 30-31-ը Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում կայացել է տարածաշրջանային աշխատաժողով՝ «Ընտրությունների ամբողջականություն. ժողովրդավարական հետընթացի կանխարգելում և դիմակայունության բարձրացում՝ ապօրինի ֆինանսական հոսքերի բացահայտման միջոցով» թեմայով։ Միջոցառումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Partnership for Good Governance» (PGG III) ծրագրի շրջանակում և համախմբել է ընտրական գործընթացների, քաղաքական ֆինանսավորման վերահսկողության, հակակոռուպցիոն և փողերի լվացման դեմ պայքարի ոլորտների ներկայացուցիչների։

Աշխատաժողովին մասնակցել են ԿԿՀ ներկայացուցիչները, որի ընթացքում Հանձնաժողովի Հայտարարագերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը ներկայացրել է Հայաստանի փորձը կուսակցությունների ֆինանսների վերահսկողության ոլորտում՝ անդրադառնալով Հանձնաժողովի լիազորություններին, տարեկան հաշվետվությունների ստուգման մեխանիզմներին, խախտումների բացահայտման և համապատասխան ընթացակարգերի կիրառման գործիքակազմին։

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացներում կոռուպցիոն, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը, քաղաքական ֆինանսավորման թափանցիկության միջազգային չափանիշները, շրջանցման մեխանիզմները, ինչպես նաև թվային գործիքների և կրիպտոակտիվների կիրառման հետ կապված մարտահրավերները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև ընտրական գործընթացներում ներգրավված մարմինների միջև համագործակցության, տեղեկատվության փոխանակման և ֆինանսական հետաքննությունների արդյունավետության բարձրացման հարցերին։

Scroll to Top