Սեպտեմբերի 4-5–ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կազմակերպած սեմինար-քննարկմանը զեկույցով հանդես է եկել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը:
Հայկուհի Հարությունյանը ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության որոշ առանձնահատկություններ: Բանախոսը նշել է, որ հանրության առավել լայն հատվածների կոռուպցիայի կանխարգելման գործընթացում ներգրավելու համար մեծապես կարևորվում է լրատվամիջոցների դերը:
Հանրային իրազեկման, քաղաքացիների շրջանում կոռուպցիան մերժելու և կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հասցեական ահազանգելու առումով Հանձնաժողովն ապավինում է նաև լրագրողների արհեստավարժությանը,-ասել է Հայկուհի Հարությունյանը:
Միջոցառմանը ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ընթացքը, նոր ստեղծված և ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ մանրամասներ:
Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը և այլք: