Փետրվարի 6-ին տեղի ունեցավ «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով հերթական հանդիպումը՝ ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել էր նախապես իրականացված կարիքի գնահատման արդյունքների հիման վրա, ինչը հնարավորություն տվեց առավել արդյունավետ կերպով անդրադառնալ մասնակիցների ակնկալիքներին, ինչպես նաև ապահովել նպատակային և գործնական քննարկումներ։
Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց ՔՀԿ-ների դերը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում և ընդգծեց համագործակցության կարևորությունը հետագա համատեղ գործողությունների և փորձի փոխանակման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգին, մեթոդաբանությանը, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից իրականացված հակակոռուպցիոն կրթական և իրազեկման ծրագրերին ու դրանց շրջանակներում նախատեսվող նոր նախաձեռնություններին։
Հանդիպման ավարտին «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետը մասնակիցներին ներկայացրեց կոռուպցիայի ընկալման համաթվի ձևավորման մեթոդաբանությունն ու վերջին տարիների Հայաստանի գնահատման արդյունքները:
Քննարկվեցին նաև ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին։





