Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները փետրվարի 19-ին մասնակցել են «Արհեստական բանականությունը և կոռուպցիայի կանխարգելումը» թեմայով ինտերակտիվ աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Ֆոլկե Բեռնադոտ ակադեմիայի (FBA) և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համագործակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են տեղեկատվական միջավայրի և ժողովրդավարական գործընթացների վրա արհեստական բանականության ազդեցության, կուսակցությունների մեդիա ծախսերի և դրանց մշտադիտարկման գործընթացների, ակտիվների արժեքի վերլուծության և ապօրինի հարստացման հնարավոր դեպքերի բացահայտման գործիքակազմերը։ Քննարկվել են արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության ռիսկերը և դրանց հնարավոր հետևանքները՝ ընդգծելով դրանց կառավարման գործընթացում ոչ միայն տեխնիկական, այլև ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը։
Հանձնաժողովի աշխատակիցները աշխատաժողովի ընթացքում անդրադարձ են կատարել կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների վերլուծության շրջանակում կիրառվող տվյալների հավաքագրման և մշակման ընթացակարգերին, մշտադիտարկման մեխանիզմներին, ինչպես նաև առկա տեղեկատվական շտեմարաններին և տեխնիկական կարողություններին։
Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկել են արհեստական բանականության կիրառման հնարավորությունները, զարգացման առաջնահերթ ուղղությունները և առաջիկա քայլերը։






