Հրապարակվել է 2025թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը

Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակվել են 2025թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվի (այսուհետ՝ ԿԸ համաթիվ) արդյունքները: ԿԸ համաթիվը դասակարգում է 182 երկրներ և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:

Հայաստանի՝ ԿԸ համաթվի 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է մեկ միավորով՝ կազմելով 46: 182 երկիր ներառող ԿԸ համաթվի դասակարգման աղյուսակում Հայաստանը 65-րդ տեղում է: Հայաստանի ԿԸ համաթվի արժեքը 2025 թվականին շարունակել է բարձր լինել  ԿԸ համաթվի համաշխարհային միջին արժեքից: 2025 թ․-ին ԿԸ համաթվի համաշխարհային միջին միավորը կազմել է 42՝ 100-ից, ինչը, ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ-ի, վկայում է նվազման ընդհանուր միտումի մասին:
2025 թվականի Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ կոռուպցիան շարունակում է լուրջ սպառնալիք մնալ աշխարհի բոլոր երկրներում և տարածաշրջաններում:

Նշենք, որ յուրաքանչյուր երկրի միավորը կազմվում է առնվազն 3 տարբեր աղբյուրների համադրությամբ, որոնք վերցված են կոռուպցիայի վերաբերյալ 13 տարբեր հարցումներից և գնահատումներից։ Այդ տվյալները հավաքագրվում են տարբեր հեղինակավոր հաստատությունների կողմից, այդ թվում՝ Համաշխարհային բանկի և Համաշխարհային տնտեսական ֆորումի։

Միաժամանակ, Հայաստանի ԿԸՀ 2025թ․ համաթիվը հաշվարկվել է 6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականից: Այդ աղբյուրներն ընդգրկել են Բերթելսմանի հիմնադրամի 2026 թ․ տրանսֆորմացիոն համաթիվը, Ֆրիդոմ Հաուսի՝ Անցումային փուլում գտնվող պետությունների 2024 թ․ զեկույցի Կոռուպցիայի ենթահամաթիվը, Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2024 թ․ վարկանիշը, Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեյշնլի՝ Երկրի ռիսկայնության 2025թ․ ուղեցույցը, Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2025 թ․-ի հրապարակումը և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի հարցման 2025 թ․ հրապարակումը: 

Նշված աղբյուրներում Հայաստանի գնահատման ցուցանիշը չի փոփոխվել 2024 թ․-ի համեմատությամբ՝ բացառությամբ Համաշխարհային տնտեսական ֆորումի վկայակոչված հրապարակման, ըստ որի՝ Հայաստանի ցուցանիշը նվազել է 3 միավորով (56-ից դառնալով 53)։ 

Scroll to Top