ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ. ՀԱՄԱԺՈՂՈՎ

Կայացել է «Հակակոռուպցիոն ոլորտում 2025 թվականին իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները» խորագրով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Արդարադատության նախարարության համատեղ համաժողովը՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան:

Համաժողովին մասնակցել են Հանձնաժողովի անդամները, Պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և գործընկեր այլ կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2025 թվականին իրականացված աշխատանքները ամփոփել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը և ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը:

Մ. Գալստյանը իր խոսքում շնորհավորել է ներկաներին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ և ներկայացրել Հանձնաժողովի կողմից կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքները և ձեռքբերումներն՝ ընդգծելով հակակոռուպցիոն կրթության և իրազեկվածության բարձրացման միջոցով վարքագծի փոփոխման կարևորությունը: Մասնավորապես, անդրադարձել է հակակոռուպցիոն կրթության շարունակական զարգացմանը, որի շրջանակներում 2025 թվականին գործարկված հակակոռուպցիոն էլեկտրոնային կրթական հարթակի միջոցով վերջին երկու ամսվա ընթացքում ավելի քան 11.500 պաշտոնյա անցել է վերապատրաստում և ստացել հավաստագիր: Միաժամանակ կազմակերպվել են մի շարք ուսուցողական ծրագրեր, վերապատրաստումներ ու ճանաչողական այցեր: Մարիամ Գալստյանն անդրադարձել է նաև բարեվարքության ուսումնասիրությունների վիճակագրական տվյալներին, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության համակարգին, հայտարարագրման գործընթացի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության վերահսկողությանը, ինչպես նաև Հանձնաժողովի գործառույթների թվայնացմանը:  Մ. Գալստյանը ներկայացրել է նաև պետական մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի փորձնական գնահատումների վերաբերյալ տվյալները:

Աշխատաժողովի երկրորդ հատվածում կազմակերպվել է պանելային քննարկում «Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները» խորագրով, որի ընթացքում Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը ներկայացրել է Հանձնաժողովի հիմնական մարտահրավերները:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Կոռուպցիան իմ աչքերով» և «Բարեվարքության ճանապարհով» խորագրերով մրցույթները: «Բարեվարքության ճանապարհով» վիկտորինան կազմակերպվել էր հանրային ծառայողների համար, որին մասնակցել էին թվով 1191 հանրային ծառայող տարբեր գերատեսչություններից: Վիկտորինային առաջին 10 հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները միջոցառման ընթացքում ստացել են խրախուսական պարգևներ և հավաստագրեր:

Scroll to Top