Վիկտորինա՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեկնարկում է ինտերակտիվ կրթական նախագիծ՝ «Բարեվարքության ճանապարհով» խորագրով առցանց վիկտորինան:

Վիկտորինան նախատեսված է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններում հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց համար: Մասնակցության համար պարտադիր է ունենալ օգտահաշիվ Հանձնաժողովի ուսումնական հարթակում (https://elearning.cpcarmenia.am/):

Այս նախաձեռնության նպատակն է ոչ միայն բարձրացնել պաշտոնյաների իրազեկվածության մակարդակը բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ, այլև խթանել ինքնակրթությունը և բարեվարք վարքագծի մշակույթը, ինչպես նաև գործնականում ամրապնդել կոռուպցիայի կանխարգելման գործիքների իմացությունը։

Վիկտորինայի հարցերը ներառում են կոռուպցիայի և բարեվարքության համակարգի առանցքային թեմաները, որոնք կարևոր են յուրաքանչյուր հանրային ծառայողի համար: Մասնավորապես՝

  • Վարքագծի կանոններ
  • Շահերի բախում
  • Անհամատեղելիության պահանջներ
  • Նվերների ընդունման սահմանափակումներ
  • Այլ սահմանափակումներ
  • Կոռուպցիայի տեսակներ

Վիկտորինայի մեկնարկը նախատեսվում է նոյեմբերի 25-ին, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 4-ին:

Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները ԿԿՀ-ի կողմից կարժանանան հանրային ճանաչման և խրախուսման՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ դեկտեմբերի 9-ին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Իսկ բոլոր այն մասնակիցները, ովքեր կհաղթահարեն վիկտորինայի անցողիկ շեմը՝ 80 տոկոսը, կստանան մասնակցության հավաստագրեր:

Բաց մի՛ թողեք Ձեր գիտելիքները գործնականում ցուցադրելու այս հնարավորությունը։

Scroll to Top