Հոկտեմբերի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վարժարանի սովորողներին: Հանդիպման նպատակն էր բարձրացնել երիտասարդ սերնդի իրազեկվածությունը կոռուպցիայի վտանգների մասին և քննարկել նրանց դերակատարումն այդ երևույթի կանխարգելման գործում:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը՝ ներկայացնելով նաև Հանձնաժողովի գործառույթների ընդհանրական նկարագրությունը:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց կրթության, էթիկական արժեքների և կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության ձևավորման կարևորությունը։ Կոնկրետ օրինակներով քննարկվեցին կոռուպցիայի դրսևորումները, դրանց պատճառներն ու հետևանքները, ինչպես նաև ներկայացվեցին կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և կանխարգելելու համար հասանելի գործիքները։ Սովորողները ծանոթացան նաև Հանձնաժողովի լիազորություններին և գործառույթներին՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մանդատ ունեցող ինքնավար պետական մարմին:
Մասնակիցներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներին, ներկայացրեցին իրենց տեսակետներն ու առաջարկությունները։ Հանդիպումն անցավ ակտիվ երկխոսության և մտքերի փոխանակման մթնոլորտում։