Սեպտեմբերի 15-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմակերպել էր «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով իրազեկման հանդիպում Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների համար: Հանդիպումը նպատակ ուներ ներկայացնելու Հանձնաժողովի հիմնական գործառույթները՝ որպես կանխարգելման մանդատ ունեցող պետական մարմին, ինչպես նաև ընդգծելու մեդիայի դերը հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացում:
Հանդիպման ընթացքում ուսանողներին ողջունեց Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով իր խոսքում կարևորեց երիտասարդ լրագրողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում՝ հանրային վերահսկողության և թափանցիկության ապահովման համատեքստում:
Ուսանողները ստացան համապարփակ տեղեկատվություն հայտարարագրման համակարգի, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության, անհամատեղելիության պահանջների, շահերի բախման և այլ թեմաների վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվեցին ինտերակտիվ քննարկումներ, որոնք հնարավորություն տվեցին ուսանողներին ակտիվորեն ներգրավվել և ներկայացնել պրակտիկ օրինակներ: