Սույն թվականի ապրիլի 8-ից 9-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի կողմից կազմակերպված «Համագործակցություններ հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» Գլոբալ ֆորում 2025-ին։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների կառավարությունների, ակադեմիական և մասնավոր ոլորտների, քաղաքացիական հասարակության ու հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների ավելի քան 400 ներկայացուցիչներ։
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարողն իր ելույթում ընդգծել է Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի Հանրապետության արձանագրած առաջընթացն ու պատմել ներկա փուլում Հանձնաժողովի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Ապրիլի 9-ին կայացած քննարկման ընթացքում Մարիամ Գալստյանը ներկայացրել է Հայաստանում կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացը, օրենսդրական կարգավորումները, սեռերի հավասար ներկայացվածության ապահովման առնչությամբ առկա պահանջները, դրանց գործնական կիրառումը, առկա մարտահրավերները, ինչպես նաև բարեվարքությունների ուսումնասիրությունների ինստիտուտը, առկա վիճակը և փոփոխվող միտումները։ Ելույթի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի գործառույթների թվայնացմանն ու ներկայացվել գործընթացի ներկա փուլում իրականացվող աշխատանքները։
Մարիամ Գալստյանը կարևորել է Ֆորումի շրջանակներում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակության համար նմանատիպ հարթակների առկայությունն ու հույս հայտնել, որ նմանատիպ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ։