Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից հրապարակվել է 2023թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվի (այսուհետ՝ ԿԸ համաթիվ) արդյունքները: ԿԸ համաթիվը դասակարգում է 180 երկիր և տարածքներ՝ ըստ հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալման մակարդակի՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակով:
Հայաստանի ԿԸ համաթիվը 2023թ.-ին կազմել է 47՝ նախորդ տարվա 46 միավորի փոխարեն, արդյունքում 180 երկիր ներառող ԿԸ համաթվի դասակարգման 2023թ. աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը:
Զեկույցում մասնավորապես ասվում է. «2018 թվականի թավշյա հեղափոխությանը հաջորդած երկու տարիներին Հայաստանը զգալի ժողովրդավարական և հակակոռուպցիոն բարեփոխումներ է իրականացրել։ Այդուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարը դանդաղել է նոր միջոցառումների սահմանափակ իրականացման հետևանքով: Ինչպես տարածաշրջանի շատ երկրներում, Հայաստանում ևս առկա են անվտանգային մարտահրավերներ, այդուհանդերձ, Հայաստանն ունի բավարար ներուժ նման մարտահրավերները հաղթահարելու և ուժեղ քաղաքականությունը կոռուպցիայի նկատմամբ արդյունավետ վերահսկողության վերածելու»:
Նշենք, որ սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից, ԿԸ համաթիվը դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2021 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում են Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։
Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։ ԿԸ համաթվի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է՝ համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից այս կողմ ԿԸ համաթվի յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են յուրաքանչյուր այլ տարվա գնահատականների հետ։