Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, անցկացրեց «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա վերապատրաստման դասընթաց պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում նշանակված հայտարարագրման գործընթացի խորհրդատուների, ինչպես նաև վերոնշյալ մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների և դասընթացով հետաքրքրված հայտարարատուների համար:
Քառօրյա վերապատրաստումների ընթացքում Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը առկա եղանակով և առցանց միացած շուրջ 250 մասնակիցներին ներկայացրեց հայտարարագրման համակարգի նպատակը, հայտարարատուների շրջանակը, հայտարարագրերի տեսակներն ու դրանց ներկայացման ժամկետները, հայտարարագրման ենթակա տվյալները, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացները, հայտարարագրերի համար կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, դրա կառուցվածքը, ֆունկցիոնալությունը, հայտարարագրերի հրապարակային ռեեստրի հնարավորությունները: Եվս մեկ անգամ շեշտվեց հայտարարագրման գործընթացի խորհրդատուների կարևոր դերը պետական մարմինների ու Հանձնաժողովի համագործակցության շրջանակներում:
Վերապատրաստումների ընթացքում մասնակիցների կողմից հնչեցին հայտարարագրման գործընթացի վերաբերյալ հավաքագրված հարցադրումները, որոնց տրվեցին հստակ պատասխաններ:
Վերապատրաստումների յուրաքանչյուր օրն ամփոփվեց իրավիճակային դերախաղի միջոցով:
Հանդիպումների ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Հանձնաժողովին՝ համագործակցության համար՝ շեշտելով նմանօրինակ վերապատրաստումների և աշխատանքային քննարկումների կարևորությունը, ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ հետագայում նմանօրինակ վերապատրաստումներն առավել արդյունավետ դարձնելու համար, որոնք հավաքագրվեցին Հանձնաժողովի կողմից՝ հետագայում տեղայնացնելու նպատակով: