Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները Փետրվարի 26-ից մարտի 01-ը մասնակցել են «Կիբերհիգենա» թեմայով երկօրյա (2 խմբով հաջորդաբար) վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում՝ ուղղված աշխատակիցների կիբերանվտանգության մասին իրազեկվածության բարձրացմանը:
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել կիբերանվտանգության հիմնական հայեցակարգերը, կիբերգրոհի առանձնահատկությունները, բնութագրիչները, կազմակերպությունների հնարավոր կիբերսպառնալիքները, ինչպես նաև ծանոթացնել կիբերանվտանգության ոլորտում լավագույն փորձին՝ պաշտպանական միջոցառումների մասին պատկերացում կազմելու համար, որոնք ձեռնարկվում են կազմակերպությունների կողմից:
Դասընթացը մեկնարկել էր մասնակիցների կիբերանվտանգության վերաբերյալ գիտելիքների նախնական գնահատմամբ և Հայաստանում ոլորտի իրավական համատեքստի ներկայացմամբ:
Բանախոսների կողմից ներկայացվել են կիբերհարձակումների տարածված տեսակները, հիմնարար սկզբունքները, ընդհանուր մարտավարությունը, ֆիշինգի և թիրախային ֆիշինգի տարբերակումը, ինչպես նաև կանխարգելման մեխանիզմները:
Մասնակիցները տեսական գիտելիքները կիրառել են նաև գործնական վարժությունների և խմբային աշխատանքների միջոցով: