Մարտի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների և ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների միջոցառումների ծրագրից բխող մի շարք հարցեր` ուղղված Հանձնաժողովի ինստիտուցիոնալ հզորացմանը, այդ թվում՝ օրենսդրության և իրավական միջավայրի բարելավմանը, հաշվետվողականության ու թափանցիկության զարգացմանը, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաղորդակցության բարելավմանը, կարողությունների հզորացմանն և հանրային վստահության բարձրացմանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հիմնական գործառույթների իրականացման շրջանակներում Հանձնաժողովի ձեռքբերումներին, քննարկվել են նաև օրենսդրական և գործնական բացերը, առկա մարտահրավերները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել ըստ առանձին գործառույթների համագործակցության իրականացման շուրջ: Միաժամանակ, մասնակիցներն առանձնակի կարևորել են հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկման շրջանակներում երկկողմանի համագործակցությունը:
Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել կառուցողական քննարկման համար՝ կարևորելով հետագա աշխատանքներում համագործակցության հնարավորությունները:
Առաջիկայում նախատեսվում են թիրախային հանդիպումներ ոլորտային խնդիրների լուծման և գործողությունների հստակեցման նպատակով: