Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ մեկնարկել է հաշմանդամության գնահատման համակարգում կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման գործընթաց, որի շրջանակում Հանձնաժողովի կողմից մշակված հարցաշարի և ոլորտային փաստաթղթերի վերլուծության հիման վրա գնահատվել են համակարգի հիմնական գործընթացները:
Գնահատման երկրորդ փուլում նախատեսվում է բացահայտած խնդիրների խորքային պատճառները վերհանելու և դրանց վերաբերյալ լուծումներ առաջարկելու նպատակով որակական մեթոդների (անհատական և խմբային հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ և այլն) կիրառման միջոցով իրականացնել հետազոտություն՝ համագործակցելով ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի հետ:
Հանձնաժողովը կարևորում է ոլորտային հասարակական կազմակերպությունների ներգրավումը հետազոտական գործընթացին՝ ապահովելով արդար և հավասար պայմաններ այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք հետաքրքրված են մասնակցություն ունենալ պիլոտային գնահատմանը։
Հաշմանդամության գնահատման համակարգում կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման գործընթացին կարող են մասնակցություն ունենալ հետևյալ չափանիշներին համապատասխանող հասարակական կազմակերպությունները․
Ø հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցմանը, հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի քաղաքականության և կանոնակարգման խնդիրների վերհանմանը և լուծմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված կանոնադրական նպատակ(ներ)ի առկայություն և այդ ուղղությամբ գործունեության իրականացում․
Ø ոլորտային առնվազն երկու տարվա փորձառություն․
Ø պետական մարմինների, ներառյալ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձառություն․
Ø հաշվետվողական և թափանցիկ գործունեություն, մասնավորապես՝ պետական միջոցներից ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հաշվետվությունների, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակումների առկայություն․
Ø քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայություն, քաղաքական զսպվածություն․
Ø մշտապես գործող աշխատակազմ:
Կազմակերպությունները հայտերը կարող են ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/178yROQ3642hhxs_09qrNqwqs5ITj1gZ27TPX-V4QSk4/edit:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 30-ն է:
Կազմակերպությունների ընտրության արդյունքների ամփոփման վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։
Հարցերի դեպքում կարող եք գրել ta.cpcarmenia@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374(12)777729 հեռախոսահամարին։