2024 թվականի մարտի 21-ին Կորպորատիվ կառավարման կենտրոնը կազմակերպել է «G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներ» խորագրով աշխատաժողով, որի նպատակը լավ կորպորատիվ կառավարման հիմնական միջազգային չափորոշիչ հանդիսացող G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման 2023 թվականին վերանայված սկզբունքների ներկայացումը, ինչպես նաև ՀՀ-ում կորպորատիվ կառավարման միջավայրի առանձնահատկությունների քննարկումն էր:
Աշխատաժողովին բացման ելույթով հանդես է եկել Հանձնաժողովի անդամ Լ․Ալեքսանյանը, ով իր խոսքում անդրադարձել է մասնավոր ոլորտում կոռուպցիայի կանխարգելման համատեքստում կորպորատիվ կառավարման կարևորությանը և այս ուղղությամբ Հանձնաժողովի իրականացրած աշխատանքներին: Հանձնաժողովի անդամը նշել է, որ 2023 թվականին ԵՄ թվինինգ ծրագրի փորձագիտական թիմի հետ համագործակցությամբ իրականացվել են կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատումներ ՀՀ երեք պետական մասնակցությամբ կազմակերպություններում, որոնց արդյունքում Հանձնաժողովը մշակել է նաև ՀՀ պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման ելակետային գնահատականը պարունակող զեկույց: Լ․Ալեքսանյանն անդրադարձել է նաև ՏՀԶԿ-ի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի Հայաստանի գնահատման զեկույցին՝ շեշտադրելով ոլորտային բարեփոխումների անհրաժեշտության համատեքստում Հանձնաժողովի իրականացրած աշխատանքի, ինչպես նաև կորպորատիվ կառավարման սկզբունքների շուրջ նմանատիպ քննարկումների կարևորությունը:
Աշխատաժողովի շրջանակում կազմակերպվել է նաև իրավասու պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկում, որին որպես բանախոս հանդես է եկել Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տ․ Ասրյանը: Վերջինս ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության հարցում հանրային և մասնավոր ոլորտների փոխգործելիության կարևորությունը, այնուհետև ներկայացրել պետական մասնակցությամբ ընկերություններում բարեվարքության խթանման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ Հանձնաժողովի իրականացրած աշխատանքները: Խոսելով Հանձնաժողովի կողմից մշակված զեկույցի մասին, Տ․Ասրյանը նշել է, որ այն անդրադարձ է կատարում պետական մասնակցությամբ ընկերություններում բարեվարքության և կոռուպցիոն ռիսկերի կառավարման շրջանակը կարգավորող միջազգային ստանդարտներին, ՀՀ կարգավորող օրենսդրությանը, պետական մասնակցությամբ ընկերությունների գործառնական ինքնավարության ապահովմանը, հաշվետվողականության արդյունավետ համակարգի ստեղծմանը, վերջիններիս գործունեության թափանցիկության ապահովմանը, պետական մասնակցությամբ ընկերություններում շահերի բախման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման համատեքստում տնօրենների խորհրդի դերին, վերջինիս ձևավորման մեխանիզմներին և մի շարք հարցերի: