Ավարտվեց «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» 24-ժամյա անընդմեջ հաքաթոնը

2024 թվականի դեկտեմբերի 7-ից 8-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Ամերիկայի միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործականությունը և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը համատեղ կազմակերպել են «Տվյալներն ընդդեմ կոռուպցիայի» 24-ժամյա անընդմեջ հաքաթոնը:

Հաքաթոնի գլխավոր նպատակն էր առաջարկել հետևյալ ուղղություններով կոռուպցիայի դեմ պայքարի թվային լուծումներ.
1. Ռիսկերի ավտոմատացված գնահատման իրականացում
2. Հակակոռուպցիոն ռիսկերի հայտնաբերում տվյալների բազաների համադրմամբ՝ մեքենայական ուսուցման միջոցով

3. Առաջատար վիզուալիզացիայի և հաշվետվությունների գործիքների մշակում:

Հաքաթոնը հնարավորություն տվեց մասնակիցներին մրցելու 15,000 ԱՄՆ դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդի համար, որը բաժանվեց չորս լավագույն թիմերի միջև:

Մասնակիցներին հաքաթոնի ընթացքում աջակցել են տարբեր ոլորտների 10 փորձագետ-մենթորներ:

Հաքաթոնի բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, «ԻԼՏԿ» հիմնադրամի տնօրեն Արեգ Գևորգյանը և ԿԿՀ նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Տիկին Գալստյանը նախ և առաջ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան առաքելությանը հաքաթոնն իրականություն դարձնելու գործում աջակցության համար, «ԻԼՏԿ» հիմնադրամին` միջոցառման կաղմակերպման գործում աջակցության համար և Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանին` ոլորտի համակարգման աշխատանքներում մեծ ներդրման համար: Մարիամ Գալստյանը շնորհավորեց հաքաթոնի 62 մասնակիցներին`մաղթելով հաջողություն առաջադրված խնդիրների լուծման գործում:

Բացման արարողությունից հետո հաքաթոնին գրանցված դիմորդներից կազմվեցին 12 խմբեր, որոնք սկսեցին աշխատել իրենց առջև դրված խնդիրների շուրջ, և 24 ժամը լրանալուն պես՝ թիմերը՝ ձևավորված մրցութային հանձնաժողովին ներկայացրին իրենց նախագծերը:

Մրցութային հանձնաժողովը կազմված էր հինգ անդամներից, ովքեր նախագծերը գնահատելիս առաջնորդվեցին հետևյալ չափորոշիչներով՝ նորարարություն, տեխնիկական իրացում, ազդեցություն, իրագործելիություն և ներկայացում:

Հանձնաժողովի 5 անդամներն էին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, «ԻԼՏԿ» հիմնադրամի տնօրեն Արեգ Գևորգյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական Մարթա Սանդոյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության UX և թվային ծառայությունների ղեկավար Հարմիկ Ազարյանը և ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը:

Նախագծերի ներկայացումից հետո մրցութային հանձնաժողովի անդամները, փակ քննարկման արդյունքում, որոշեցին հաղթող թիմերին:
1. Տվյալների փոխգործակոցության լավագույն նորարարություն- «Riskadar» թիմ (մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար)
2. Տվյալների ստուգման լավագույն լուծում- «Akvelon» թիմ (մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար)
3. Կոռուպցիոն ռիսկի բացահայտման լավագույն գործիք- «Plat AI» «Bribe Busters» թիմեր (մրցանակը յուրաքանչյուր թիմին՝ 2500 ԱՄՆ դոլար):

Scroll to Top