Եվրոպայի խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համագործակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի կանխարգելման ներածություն» խորագրով HELP առցանց դասընթացը:
Դասընթացի մասնակիցների համար սույն թվականի նոյեմբերի 28-ին կազմակերպված մեկնարկային միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի
ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների և համագործակցության դեպարտամենտի ծրագրերի համակարգող Նադեժդա Պլամադեալան, Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը և Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Ազգային ժողովի պատգամավորներ, Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների քննիչներ, դատավորներ, դատախազներ, ինչպես նաև Հանձնաժողովի անդամներ և աշխատակիցներ:
Դասընթացը համապարփակ պատկերացում է տալիս կոռուպցիայի կանխարգելման գործիքների, հակակոռուպցիոն տարբեր քաղաքականությունների առանձնահատկությունների վերաբերյալ: Դասընթացի առանձին մոդուլներ նվիրված են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությանը, ազդարարների պաշտպանությանը, պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերի կառավարմանը, հանրային գործառույթներում աուդիտին, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոններին, շահերի բախմանը, նվերների ընդունման սահմանափակումներին: