Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված արդյունավետ քաղաքականության կառուցակարգերի իրականացման և զարգացման գործում ՔՀԿ-ների նշանակալի դերը, հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողով ՔՀԿ ներկայացուցիչների համար:
Հանդիպման ընթացքում շնորհակալական խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը՝ ընգծելով համանման թեմատիկ հանդիպումների կարևորությունը Հանձնաժողովի աշխատանքների ներկայացման, ակնկալիքների փոխանակման, ինչպես նաև համագործակցության ամրապնդման համար:
Աշխատաժողովի ընթացքում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից ներկայացվել են մի շարք թեմաներ, որոնք վերաբերել են պետական պաշտոններում նշանակման և առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններին, բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտականություն կրող պաշտոններին, հայտարարագրման համակարգի նպատակներին, հայտարարատու պաշտոնների խմբերին, վերլուծության գործընթացին և այլն:
Կազմակերպվել են քննարկումներ նաև բարեվարքության համակարգի տարրերի, հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների, ինչպես նաև վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: ՔՀԿ ներկայացուցիչներն իրենց հերթին ուղղել են մի շարք հարցեր օրենսդրության և իրավական միջավայրի բարելավման, ոլորտում առկա բացերի և խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել կառուցողական քննարկումների համար, ինչպես նաև ընդգծել երկուստեք համագործակցության կարևորությունը: