ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ծառուկյանը անհամատեղելիության պահանջ է խախտել. մանդատից զրկելու վերջնական որոշումը կկայացնի ՍԴ-ն

27.11.2020

«Նախորդ տարի վարույթ էինք սկսել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ՝ անհամատեղելիության պահանջի խախտման հիմքով, սակայն եզրակացությունն այն էր, որ խախտում չկար: Դրան հաջորդեց առողջապահության նախարարի նկատմամբ վարույթը՝ շահերի բախման հիմքով, և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Դիտարկմանը, որ կան քաղաքական արձագանքներ, թե հետպատերազմական այս շրջանում այդ հարցն առաջնային չէ, և որ ըստ ԲՀԿ պատգամավորների՝ քաղաքական հաշվեհարդար է տեղի ունենում Ծառուկյանի նկատմամբ, Հայկուհի Հարությունյանը նշեց. «Նման շահարկումները անտեղի են, քանի որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ վարույթը հարուցվել է 2020թ. հունիսին, երբ դեռևս այսպիսի զարգացումներ չկային: Պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով և օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովը վարույթը 90-օրյա ժամկետում իրականացնելուց հետո 20-օրյա ժամկետով հետաձգել է՝ վարույթի մասնակցի խնդրանքով՝ ելնելով զարգացումներից, քանի որ նա ձերբակալման փաստով գտնվում էր ազատազրկման մեջ, և չէր կարողացել պատասխանել հանձնաժողովի այն հարցադրումներին, որոնք ներկայացվել էին: Եվ սեպտեմբերի 27-ից հետո զարգացումները այլ ուղղությամբ տարան: Սակայն հանձնաժողովը որդեգրեց այն դիրքորոշումը, որ անկախ տեղի ունեցող գործողություններից, պետական յուրաքանչյուր ինստիտուտի գործունեությունը պետք է անխափան լինի»:

«Գագիկ Ծառուկյանի պատասխանները մեր հարցադրումներին չէին բավարարում»,- նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը:

Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերջնական որոշումը կկայացնի ՍԴ-ն:

Մանրամասները՝ տեսանյութում: