ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 06.06.2024-17.07.2024-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

23.07.2024


1.     Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալվել են Բաց կառավարման գործընկերության Արևելյան գործընկերության երկրների (ԲԿԳ ԱլԳ) տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան, ինչպես նաև ծրագրի ներկայացուցիչ Պատրիսիա Պանչուկը:

Հանձնաժողովի անդամների հետ քննարկվել է համագործակցության շրջանակը և ԲԿԳ հանձնառությունները, որոնք իրականացվել են Հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են Հանձնաժողովի գործունեության նոր արդյունքները, մասնավորապես՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի նոր լուծումները, բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտի ներքո Հանձնաժողովին վերապահված նոր գործառույթները, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործառույթի կիրարկման ընթացքը, հանրային ծառայության համակարգում բարեվարքության խթանմանն ուղղված քայլերը: Երկուստեք հատուկ կարևորվել է կանխարգելման մանդատի թվայնացման տեսլականը:

2.    2024 թվականի հունիսի 6-ին կայացել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառումը, որի նպատակն էր քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։

Միջոցառմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովին վերապահված լիազորությունները, դրանց իրականացման ընթացքում Հանձնաժողովի և քաղաքացիական հասարակության համագործակցության հնարավորություններն ու դրանց կարևորությունը։

3.    Կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերի շրջանակներում հունիսի 17-ին Հանձնաժողովում հյուրընկալվել էին Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի ուսանողները՝ զարգացնելու կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ իրենց կարողությունները, ինչպես նաև ծանոթանալու Հանձնաժողովի գործառույթներին՝ որպես կանխարգելման մանդատ ունեցող մարմին:

Հանդիպման ընթացքում բանախոսների կողմից ներկայացվել է Հանձնաժողովի կառուցվածքի և լիազորությունների շրջանակը, ծավալվել է ակտիվ քննարկում հակակոռուպցիոն բարեփոխումների, առկա օրենսդրական կարգավորումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ:

4.    2024թ.-ի հունիսի 18-ից 21-ը Լիտվայում կայացել է «Դիմակայել համաշխարհային մարտահրավերներին. Նպաստել բարեվարքության ամրապնդմանը» խորագրով 21-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը(IACC/ՄՀԿԿ): Հայաստանի պատվիրակության կազմում Համաժողովին մասնակցել է նաև Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը:

Քառօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվային տեխնոլոգիաներին, մասնավոր ոլորտում բարեվարքության ամրապնդմանը, ինչպես նաև՝ թափանցիկության, հաշվետվողականության ապահովմանն ուղղված մի շարք թեմաներ: Ընդգծվել է արհեստական բանականությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց, քննակվել են վերջինիս ռիսկերն ու հնարավորությունները՝ որպես թափանցիկության ապահովման և բարեվարքության ամրապնդման կարևոր գործիք, անդրադարձ են կատարել  «Բիզնես բարեվարքության»-ը՝  որպես առաջընթացի խթանման շարժիչ ուժ, կարևորվել է ԶԼՄ-ների դերը և մարդու իրավունքների պաշտպանությունը՝  կոռուպցիայի դեմ պայքարում:

5.    Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված 3-րդ ռազմավարական նպատակի 3.5 գործողության շրջանակներում՝ որպես գործողության համակատարող, Հանձնաժողովը մշակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման շրջանակում «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» մոդուլի մեթոդական ձեռնարկի նախագիծը:

Հունիսի 25-ին ՀՀ մարզերի և ք. Երևանի ՄԿՈՒ հաստատությունների շուրջ 24 դասավանդողների, իսկ հունիսի 28-ին ՀՀ մի շարք ուս. հաստատությունների շուրջ 20 տնօրենների և փոխտնօրենների համար նախատեսված իրազեկման հանդիպան շրջանակներում, փորձարկվել է մեթոդական ձեռնարկը՝ վերը նշված մեթոդաբանության վերաբերյալ կարծիքներ հավաքագրելու, ուսումնական ծրագրերում ներդնելու նպատակահարմարության վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով:

6.    2024 թվականի հունիսի 25-ին և 26-ին Հանձնաժողովի կողմից իրականացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար «Վերապատրաստողների վերապատրաստում» (ToT) ձևաչափով երկօրյա դասընթաց՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի վերաբերյալ:

Վերապատրաստման մասնակիցներին ներկայացվել են բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա տարրերը՝ անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, շահերի բախման կարգավորումները, վարքագծի կանոնները, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումները և ոլորտին վերաբերելի վերջին օրենսդրական փոփոխությունները: Դասընթացի առանձին բաժին նվիրվել է Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների և դրանց մեկնաբանությունների քննարկմանը:

7.    ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔինը Հայաստան կատարած այցելության շրջանակներում հուլիսի 11-ին այցելել է Հանձնաժողով:

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի անդամները ներկայացրել են հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանման, հայտարարագրման և բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտների կայացման և զարգացման, կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը, առաջիկայում ձեռնարկվելիք միջոցառումները, առկա խոչընդոտները և մարտահրավերները: Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվել է նաև կոռուպցիայի կանխարգելման թվային օրակարգը, դրա իրագործման ուղղությամբ անհրաժեշտ նախապայմանները:

8.    «Ռեստարտ Իջևան» հասարակական կազմակերպությունը և «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն հասարակական կազմակերպությունը, հուլիսի 15-ին և 16-ին, Շիրակի և Տավուշի մարզերի երիտասարդների համար կազմակերպել են այցելություններ Հանձնաժողով ծանոթանալու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քաղաքականությանը, կանխարգելման մեխանիզմներին և ինստիտուցիոնալ շրջանակին:

Հանդիպումներին մասնակցել են շուրջ 50 երիտասարդներ, ովքեր հանդիպումների ընթացքում ծանոթացել են կոռուպցիայի վերաբերյալ ընկալումներին, կոռուպցիայի բացատրությանը, դրսևորումներին, Հանձնաժողովի ինստիտուցիոնալ շրջանակին, ինչպես նաև կազմակերպվել են երիտասարդների՝ կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների և կարողությունների զարգացմանն ուղղված խմբային աշխատանքներ և ինտերակտիվ  խաղեր: