ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՊՈԱԿ-ներում կներդրվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը

05.10.2022


Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հոկտեմբերի 4-ին պաշտոնապես մեկնարկած «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Թվինինգ ծրագիրին։

Հայաստանում առաջին անգամ իրականացվող բարեվարքության այս ծրագրով ՊՈԱԿ-ներում կներդրվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ։

Կառավարությունը կոռուպցիան դիտարկում է մարտահրավեր՝ իրավական անվտանգ և տնտեսապես ուժեղ ժողովրդավար պետություն կառուցելու համար։

«Բարեվարքության խթանումը կարևոր բաղադրատարր է ոչ միայն հակակառուպցիոն ռազմավարության, այլ նաև դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության կյանքի կոչման տեսանկյունից։ Տվյալ համատեքստում առաջնային ենք համարում հանրության լայն զանգվածների՝ այդ թվում գործարար շրջանակների իրազեկվածության բարձրացումը»,- հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը՝ կարևորելով ԵՄ-ի հետ գործակցությունը։

«ԵՄ-ն մեծ ներգրավվածություն ունի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում և շարունակելու է աջակցել իշխանությունների այս ծրագրերում»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլիա Կազմանը։

Ծրագրով ակնկալվում է Հայաստանում տեղայնացնել և այս ոլորտում կիրառել Գերմանիայի և Լատվիայի փորձը, կրթության միջոցով ձևավորել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք։ Հաջորդը հանրային իրազեկումն է, հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի մեխանիզմի ներդրումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է«Համակարգում կոուպցիան բացառելու նպատակով նախատեսվում է պետական ոչ առևտրային կազմակերպություններում ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ, որի արդյունքների հիման վրա արդեն մինչև հանցագործությունը կամ հանցագործության տարրեր պարունակող վարքագիծ դառնալը կոռուպցիոն ռիսկերը տեղերում կկնախարգելվեն»։

Հիշեցնենք, որ Թվինինգ ծրագիրն իրականացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի հետ համատեղ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։