ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

2022 թվականի առաջին կիսամյակում Հանձնաժողովն իրականացրել է 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն

03.08.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրել է պետական պաշտոնի հավակնող 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կատարված աշխատանքը։

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչությունը 2022 թվականի առաջին կիսամյակում պետական պաշտոնի հավակնող քանի՞ անձի բարեվարքության ուսումնասիրություն է իրականացրել։

2022 թվականի առաջին կիսամյակում Հանձնաժողովի կողմից իրականացվել է պետական պաշտոնի հավակնող 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արդյունքում համապատասխան մարմիններ է ներկայացվել 257 խորհրդատվական բնույթի եզրակացություն: 4 անձի վերաբերյալ իրականացվել է բարեվարքության ուսումնասիրություն, սակայն բարեվարքության խորհրդատվական բնույթի եզրակացություններում անձանց բարեվարքության վերջնական գնահատական չի տրվել՝ վերջիններիս կողմից ներկայացված հարցաթերթիկներում էական հանդիսացող տվյալների բացակայության պատճառով:
261 եզրակացությունից 149-ը եղել են դրական, 29-ը՝ բացասական, 78-ը՝ դրական վերապահումով: 1 անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշվելու հետևանքով:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության եզրակացությունների արդյունքներով համապատասխան ցուցակներում թեկնածուներին ընդգրկելու վերաբերյալ տվյալներն ամբողջական ամփոփված չեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանձին դեպքերում ցուցակների համալրման նպատակով հարցազրույցներ դեռևս չեն իրականացվել։

Ո՞ր պաշտոններին հավակնող անձանց նկատմամբ է իրականացվել բարեվարքության ուսումնասիրություն և ներկայացվել եզրակացություն։

Ներկայացված եզրակացություններից 34-ը վերաբերում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածուներին, 14-ը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներին, 20-ը՝ վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թեկնածուներ, 45-ը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, 100-ը՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել հավակնող անձանց, 15-ը՝ դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկվել հավակնող դատախազի թեկնածուներին, 1-ը՝ Գլխավոր դատախազի թեկնածուին, 32-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման պաշտոններում նշանակվել հավակնող թեկնածուներին:

Ո՞ր դեպքերում են թեկնածուների բարեվարքության վերաբերյալ դրական վերապահումով եզրակացություններ ներկայացվել։

Թկենածուների բարեվարքության վերաբերյալ դրական վերապահումով եզրակացություններ հիմնականում ներկայացվել են հետևյալ դեպքերում՝

  • Բարեվարքության հարցաթերթիկում և հայտարարագրերում ներկայացված տվյալների, ինչպես նաև Հանձնաժողովին հասանելի այլ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրման արդյունքներով դուրս են բերվել Թեկնածուների գույքային դրության վերաբերյալ որոշակի անհամապատասխանություններ, որոնք առանձին-առանձին թեև որպես բացասական գործոն չեն դիտարկվել, սակայն իրենց համակցության մեջ, ձևավորել են Թեկնածուի և նրա ընտանիքի անդամի գույքային դրության վերաբերյալ անարժանահավատություն և ռիսկ։ Միաժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ արձանագրված գույքային անհամապատասխանությունների վերաբերյալ թեկնածուների ներկայացրած պարզաբանումները չեն փարատել Հանձնաժողովի մոտ առկա մտահոգությունները, բայց նաև բավարար չեն եղել բացասական գնահատականի ձևավորման համար՝ Հանձնաժողովը դրանք նույնպես գնահատել է որպես բարեվարքության գնահատականի վրա ազդող գործոն:
  • Թեկնածուները ենթարկված են եղել վարչական կամ կարգապահական պատասխանատվության. Հանձնաժողովը յուրաքանչյուր դեպքում հատկապես ուսումնասիրել է դրանց քանակը և բնույթը, նշանակված կարգապահական տույժի ժամկետները, ինչից ելնելով  էլ  հիշյալ հանգամանքները գնահատել է որպես բարեվարքության գնահատականի վրա ազդող գործոն։ Միաժամանակ, Հանձնաժողովը բարեվարքության եզրակացության գնահատականի կազմման համար վարչական իրավախախտումների՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների քանակը և դրանց բնույթը, որպես կանոն, դիտարկել է բարեվարքության վրա ազդեցություն ունեցող այլ գործոնների վերաբերյալ տեղեկությունների համադրմամբ։
  • Թեկնածուների աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած վարքագծի առնչությամբ առկա տեղեկությունները, դրանց վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների քանակը և բնույթը, ինչպես նաև դրանց վերաբերյալ անկողմնակալ դիտորդի հնարավոր ընկալումները Հանձնաժողովի մոտ ձևավորել են թեկնածուների անկախության, անաչառության և ապաքաղաքական լինելու պահանջների ապահովման խոցելիության առնչությամբ որոշակի ռիսկեր։

Ո՞ր դեպքերում են թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ներկայացվել բացասական եզրակացություններ։
Թեկնածուների բարեվարքության վերաբերյալ  բացասական եզրակացություններ հիմնականում ներկայացվել են հետևյալ դեպքերում՝

  • Թեկնածուների և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայտարարագրերում, ինչպես նաև բարեվարքության հարցաթերթիկում ներկայացվել են թեկնածուի գույքային դրության առնչությամբ էական նշանակության ունեցող ոչ ամբողջական տվյալներ, իսկ առանձին դեպքերում ներկայացված տվյալները պաշտոնական այլ աղբյուրներից ստացված տեղեկություններով չեն հաստատվել, ինչի արդյունքում դուրս են բերվել գույքային դրության վերաբերյալ անհամապատասխանություններ, որոնք ձևավորել են վերջիններիս գույքի ծագման աղբյուրների կամ եկամուտների օրինականության վերաբերյալ անարժանահավատություն։ Այն դեպքերում, երբ առկա անհամապատասխանությունները և, հատկապես, գույքի ծագման աղբյուրների վերաբերյալ թեկնածուների ներկայացրած պարզաբանումները չեն փարատել Հանձնաժողովի մոտ առկա մտահոգությունները՝ ձևավորելով գույքային դրության վերաբերյալ անարժանահավատություն և ռիսկ, Հանձնաժողովը դրանք գնահատել է որպես բարեվարքության գնահատականի վրա ազդող բացասական գործոն։ Թեկնածուների ընտանիքի անդամների գույքային դրության առնչությամբ Հանձնաժողովի մտահոգություններն առավել ընդգծվել են այն համատեքստում, երբ վերջիններիս ընտանիքի անդամները տարիներ շարունակ զբաղեցրել են հիմնականում պետական պաշտոններ: Թեկնածուների հետ համատեղ բնակվող անձանց՝ հիմնականում ամուսինների և ծնողների, հայտարարագրեր չներկայացնելու փաստը Հանձնաժողովը նույնպես գնահատել է որպես բարեվարքության գնահատականի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հետագայում օրենքով սահմանված կարգով բոլոր հայտարարագրերը ներկայացնելու ուժով Հանձնաժողովը զրկված չի եղել թեկնածուների և նրանց ընտանիքի անդամների գույքային դրության վերաբերյալ ամբողջական ուսումնասիրություն կատարելու հնարավորությունից:
  • Թեկնածուների՝ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու և դրանց վերաբերյալ բարեվարքության հարցաթերթիկում տվյալներ չներկայացնելու դեպքում՝ հատկապես հաշվի առնելով կարգապահական տույժերի քանակը, խախտման բնույթը, տույժի խիստ տեսակը, ինչպես նաև կարգապահական տույժերը վերջին տարիներին կիրառված լինելու հանգամանքները, Հանձնաժողովի կողմից գնահատվել են որպես բարեվարքության գնահատականի վրա ազդող գործոն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ունի՞ լիազորություն ուսումնասիրելու Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների բարեվարքությունը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից արդեն իսկ իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազորների թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն, ինչի արդյունքում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ են տրամադրվում թեկնածուների վերաբերյալ: Միաժամանակ, «Հակակոռուպցիոն կոմիտեի» մասին օրենքի կարգավորումներին համապատասխան՝ առաջիկայում կիրականացվի նաև Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների բարեվարքության ուսումնասիրություն:
Այլ մարմինների քննիչների վերաբերյալ բարեվարքության ուսումնասիրություն իրականացնելու պահանջ դեռևս սահմանված չէ օրենսդրությամբ: Համապատասխան կարգավորումների առկայության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կիրականացնի նաև տվյալ մարմինների քննիչների վերաբերյալ բարեվարքության ուսումնասիրություն: