ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորեն ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք. հատվածներ Վարքագծի տիպային կանոններից

27.07.2022


Ինչպես արդեն հայտնել ենք՝ 2022 թվականի հունիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի N 01-Ն որոշմամբ հաստատվել է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները։

Հաշվի առնելով հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների կարևորությունը և դրանց վերաբերյալ հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ ստորև ներկայացնում ենք կանոնագրքից որոշակի դրույթներ։

ԿԱՆՈՆՆԵՐ՝ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

1.     Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օրինակ ծառայել և անձամբ պահպանել վարքագծի այն պահանջները, որոնք ակնկալում է մյուսներից։

2.    Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հստակորեն տիրապետել հանրային իշխանության մարմնի կամ ստորաբաժանման քաղաքականություններին և նպատակներին, դրանց մասին պատշաճ տեղեկացնել իրեն ենթակա հանրային ծառայողներին։

3.    Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է, անհրաժեշտության դեպքում խորհրդակցել բարեվարքության հարցերով կազմակերպչի կամ էթիկայի հանձնաժողովի հետ, պատասխանել կանոների պատշաճ իրագործման վերաբերյալ հարցերին։

4.    Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պաշտպանել իրեն ենթակա հանրային ծառայողների և այլ աշխատակիցների օրինական շահերը՝ միջամտելով նրանց հանդեպ ոտնձգության կամ այլ անարդար վերաբերմունքի ցանկացած դրսևորման դեպքում։

5.    Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ենթականերին զերծ պահել ոչ հիմնավոր գործողություններ կատարելուց կամ որոշումներ կայացնելուց, աշխատանքային հարաբերություններում բացառել իր կողմից խտրական վերքագծի դրսևորումները, ինչպես նաև վերադասության լիազորության չարաշահումը։

6.   Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող, ինչպես նաև իր կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ։

7.    Հանրային ծառայության պետական պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ենթակայությամբ աշխատող հանրային ծառայողների և այլ աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի գործոությունների և այլ խախտումների վերաբերյալ հաղորդումներ ստանալու դեպքում պարտադիր գործուն քայլեր ձեռնարկել՝ դրանց առնչությամբ հետագա գործողությունների ընթացքն ապահովելու համար։

8. Հանրային ծառայողը պետք է ձեռնարկի բոլոր ողջամիտ քայլերն իրեն ենթակա հանրային ծառայողների և այլ աշխատակիցների շրջանում Հայաստանի Հանրապետության օրենքների, կանոնների և հանրային ծառայության սկզբունքների մասին իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ, հետևողական լինի դրանց պահպանմանը։

Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։