ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը սպառվել է

21.06.2022


Տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը սպառվել է: Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանցից մոտ 90 տոկոսն է կատարել Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված ժամկետում ներկայացնելու պահանջը։ Թեմայի շուրջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը զրուցել է Առաջին ալիքի լրագրող Մայա Խաչատրյանի հետ։

«Մեծ մասամբ, թերևս, ներկայացվել է, 90/10 հարաբերակցությամբ չի ներկայացվել, հիմնականում խնդիրներ ունենք համայնքների հետ: Որքան էլ Հանձնաժողովն իրազեկման միջոցառումներ է անում, համայնքների մասով խնդիրներ ունենք»,- ասել է նա։

Համայնքների պաշտոնատար անձինք առաջին անգամ հայտարարագիր են ներկայացրել 2020-ի մայիսի 1-ից, ավագանիները՝ 2021-ի փետրվարի 17-ից: Ըստ Հակոբյանի՝ գուցե դա է պատճառը, որ դեռ ամբողջությամբ չեն ինտեգրվել գործընթացին:

«Հիմա հեռախոսազանգերի միջոցով ենք փորձել տեղեկացնել հայտարարատուներին, արդեն սկսվում է գործընթաց՝ չներկայացրած անձանց թղթային ծանուցումներ ուղարկելու վերաբերյալ»։

Հայտարարագիր չներկայացրած անձինք նախ հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ տեղեկացվում են պարտականության մասին, դրանից հետո միայն Հանձնաժողովը գրավոր թղթային ծանուցում է ուղարկում, ըստ որի 30-օրյա ժամկետում նրանք պարտավոր են ներկայացնել հայտարարագրերը: Սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում հարուցվում է վարույթ, կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, նշանակվում տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

«Նշված 30-օրյա ժամկետում չներկայացնելու դեպքում հանձնաժողովն իրավասություն ունի դիմելու դատախազություն, որը ենթադրում է, որ հիմքեր կան կասկածելու, որ թաքցնելու բան ունի հայտարարատուն»,- ասել է նա։

Կարեն Հակոբյանը նաև նշել է՝ իրազեկման միջոցառումների շնորհիվ մեծացել է նախկինում սխալ կամ ոչ ամբողջական տվյալներով հայտարարագրերում փոփոխություն կատարելու ենթակա դիմումնեի թիվը: Հիմա առավել մեծ պատասխանատվությամբ են լրացնում հայտարարագրերը՝ խուսափելով հնարավոր պատժամիջոցներից։

Հանրային հեռուստաընկերության տեսանյութը ներկայացնում ենք սույն հղումով: