ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Տեղի է ունեցել «Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծրագրի հանդիսավոր բացումը

14.06.2022


2022 թվականի հունիսի 13-ին Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել «Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծարգրի հանդիսավոր բացման միջոցառումը:

Ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Անդրեա Վիկտորինն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք ոլորտներում, ինչի մասին վկայում են միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հարցումները։ «Հայաստանի վարկանիշը զգալի առաջընթաց է գրանցել, և այս միտումը շարունակելու համար մենք ողջունում ենք Թվինինգ ծրագիրը, որը, վստահաբար, ևս մեկ խթան կհանդիսանա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար», - ասել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերն իր ելույթում կարևորել է Թվիննինգ ծրագիրը, որը միտված է Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության կառուցակարգերի ստեղծմանը:

Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի գործում մեծապես կարևորվում է Եվրոպական Միության դերն ու որդեգրած արժեհամակարգը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է համակարգային փոփոխությունների իրականացումը, որը միտված է լրացնելու կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ բոլոր անկատար կողմերը:

«Քաղաքականությունն արդյունավետ կազմակերպելու համար չափազանց կարևոր է կառավարման հիմնանար սկզբունքների ամրագրումը: Մեզ համար իրապես կարևոր է, որ Հայաստանը միջազգային վարկանիշային ցանկերում էլ ավելի առաջանցիկ դիրքեր զբաղեցնի: Այս ուղղությամբ մեր կողմից իրականացվում է ամենօրյա հետևողական աշխատանք և մենք ցանկանում ենք մեր երկիրը տեսնել այն հանգրվանում, որտեղ ՀՀ քաղաքացիների համար ավելի բարեվարք դառնալու վճռականությունը կլինի հիմնարար սկզբունք»,-ասել է Հայկուհի Հարությունյանը և հավելել, որ ԵՄ Թվիննինգ ծրագիրն իր 4 բաղադրիչներով չափազանց կարևոր և սպասված ծրագիր է Հանձնաժողովի համար, այս կառույցի հիմնավորման օրվանից արդեն իսկ կատարվել են նախապատրաստական մի շարք աշխատանքներ, այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Բացման ելույթներից հետո «Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծրագրի ղեկավար Ինգո Սորգացին և ծրագրի համակարգող Դայանա Ստեփանիան ներկայացրել են ծրագրի հիմնական ուղղություններն ու որոշ առանձնահատկություններ: