ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրության համար կուսակցությունները պետք է լինեն հնարավորինս թափանցիկ և հաշվետու. սա Հանձնաժողովի նպատակներից է

22.04.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է կուսակցությունների տարեկան հաշվետվություններին:

«ՀՀ-ում այս պահին կա 115 գրանցված կուսակցություն, որոնց մի մասն ակտիվ գործունեություն չի ծավալում: Կարծում եմ` այս գործընթացը որոշ ժամանակ անց կբերի փաստացի գործունեություն չծավալող կուսակցությունները լուծարմանը»,- նշել է Արամայիս Փաշինյանը:

Խոսելով ընդհանուր գործընթացի մասին՝ Արամայիս Փաշինյանն ասել է.

«Կախված ընդհանուր շրջանառության ծավալից կամ ֆինանսավորում ստանալու կամ չստանալու հանգամանքից՝ պետք է պարզենք, թե որ կուսակցություններն են ենթակա աուդիտի: Այնուհետև կուսակցությունները պետք է ներկայացնեն այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որն աուդիտորական ընկերություններին հնարավորություն կտա գնահատելու իրենց՝ տվյալ մրցույթներին մասնակցելու նպատակահարմարությունը:

Յուրաքանչյուր կուսակցության մասով իրականացվելու է մրցույթ, որի արդյունքում առավելագույն միավոր հավաքած 3 ընկերությունից վիճակահանությամբ ընտրվելու է տվյալ կուսակցության հաշվետվությունը աուդիտի ենթարկող ընկերությունը: Այնուհետև 1.5-2 ամիս նախատեսվում է աուդիտի համար: Աուդիտի ենթարկվելուց հետո կուսակցությունները պետք է հրապարակեն իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները: Ընդ որում՝ որևէ ֆինանսական գործունեություն չիրականացրած կուսակցությունները նույնպես պետք է հրապարակեն իրենց հաշվետվությունները»:

Պատասխանելով հարցին՝ արդյոք նորմերին չհամապատասխանելու դեպքում Հանձնաժողովն ունի լիազորություն կասեցնելու կուսակցության գործունությունը՝ Արամայիս Փաշինյանն նշել է.

«Հանձնաժողովը կուսակցության գործունեությունը կասեցնելու իրավասություն չունի: Մեր նպատակը կուսակցությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացումն է»:

Ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ: