ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԿԿՀ-ն նախատեսում է Հայաստանում ներդնել հակակոռուպցիոն կրթական ծրագրեր». «Արմենպրեսի» անդրադարձը Հանձնաժողովի՝ կրթական բաղադրիչի գործունեությանը

07.04.2022


Մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման գործում մեծապես կարևորվում է հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրումը և հանրային իրազեկվածության բարձրացումը: Թեմայի շուրջ «Արմենպրեսը» զրուցել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Հովակիմյանի հետ:

«Թեև ներկայումս Հայաստանում իրականացվում են հակակոռուպցիոն բովանդակությամբ դասընթացներ, ոչ ֆորմալ տարբեր ծրագրեր, սակայն վերջիններս սակավաթիվ են, հատվածական և ոչ միշտ են ապահովում անհրաժեշտ արդյունավետությունը: Հայաստանյան առկա իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները շատ հաճախ տեղյակ չեն իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումներից, որի արդյունքում նաև չեն օգտվում դրանցից, ինչն էլ իր հերթին հանգեցնում է իրականացրած քայլերի արդյունավետության նվազմանը»,- նշել է Հովակիմյանը:

Վերջինիս խոսքով՝ այս առումով առաջարկվում է շարունակական քայլեր ձեռնարկել, հանրային ծառայողների, հանրության լայն շրջանակների համար պարբերաբար իրականացնել իրազեկման արշավներ և կազմակերպել հատուկ դասընթացներ` «կոռուպցիա» երևույթի դեմ զրո հանդուրժողականություն ձևավորելու և կոռուպցիայի դեմ միասին պայքարելու կամքի ձևավորման համար։

Հակակոռուպցիոն կրթության իրականացման գործառույթը վերապահված է Հանձնաժողովին՝ վերջինիս համար սահմանելով կրթական ծրագրերի, ուղեցույցների, պարբերական խորհրդատվական զեկույցների մշակման և հրապարակման պարտականություն:

«Որոշեցինք վերլուծել աշխարհի մակարդակով հաջող օրինակները։ Դրանք, իհարկե, պետք է տեղայնացնել, հարմարացնել մեր ազգային ու մշակութային առանձնահատկություններին ու նոր միայն ուսումնական հաստատություններում դասընթացներ կազմակերպել։ Ուսումնասիրում ենք հնարավոր բոլոր հակակոռուպցիոն կրթական ծրագրերի փորձերը, ընդ որում դրանք փորձեր են այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ավստիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն»,- նշել է Անահիտ Հովակիմյանը:

Անդրադարձ կատարելով այս ուղղությամբ միջազգային համագործակցությանը` Հովակիմյանն առանձնացրեց համագործակցությունը ՄԱԿ-ի GRACE նախաձեռնության հետ:

«Այն  մեզ տալիս է հակակոռուպցիոն և բարեվարքության ամրապնդման թեմատիկայով ուսումնամեթոդական նյութերի փոխանակման, ՄԱԿ-ի՝ այս ոլորտում կուտակած փորձին ծանոթանալու հնարավորություն: Համագործակցության շրջանակներում ունենք նաև ամառային դպրոցի մասնակցելու հրավեր»,- նշել է նա:

Հովակիմյանն առանձնացրել է նաև համագործակցությունը և փոխըմբռնման հուշագրի կնքումը IACA-ի հետ, որի շնորհիվ համագործակցություն կլինի բուհական առարկայական և կրթական ծրագրերի կազմման և հանրային ծառայողների շրջանում վերապատրաստումների կազմակերպման նպատակով:

Կրթական ծրագրերի գործակման հետ կապված չկան հստակ ժամկետներ, բայց ԿԿՀ-ն լիահույս է, որ առաջիկայում այն կգործարկվի:

«Արմենպրես»-ի ամբողջական անդրադարձը՝ սույն հղումով: