ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

2023 թվականից մի քանի տասնյակ հազար հայտարարագիր կներկայացվի ավտոմատացված համակարգով. Արմենպրեսի անդրադարձը

17.03.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2023 թվականից կներդնի հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգ: Թեմայի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Կարինե Տերտերյանը զրուցել է Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանի հետ, նաև լսել համակարգը մշակող ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին:

Արմենպրեսի անդրադարձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանի՝ թվային տեխնոլոգիաների ներդրումն ավելի արդյունավետ կդարձնի կոռուպցիայի կանխարգելումը: Վերջինիս խոսքով՝ հայտարարագրման գործող էլեկտրոնային համակարգը ստեղծվել է շուրջ տասը տարի առաջ: Հայտարարատուների թվի, հայտարարագրերում ներկայացվող տեղեկությունների աճին զուգընթաց՝ գործող համակարգն այժմ աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, հայտարարագրման գործընթացը մեծամասամբ վերահսկվում է մեխանիկական աշխատանքի միջոցով, ինչը լրացուցիչ ռեսուրսների կարիք, մեխանիկական հավանական սխալների ռիսկ է առաջացնում:

«Համակարգի արդիականացումը մեծապես միտված է ավտոմատացնելու ու առավել դյուրին դարձնելու հայտարարագրման և վերլուծության ողջ գործընթացը: Մասնավորապես՝ հայտարարատուների համար հայտարարագիր լրացնելը չի լինի «գլխացավանք»՝ մեկառմեկ լրացնելու պահանջվող բոլոր դաշտերը և մտածելու հնարավոր բացթողումների մասին, թե արդյո՞ք հայտարարագիրը լրացնելու գործընթացում հայտարարագրման ենթակա որևէ տվյալ բաց չի թողնվել։ Սա միաժամանակ երկու խնդիր կլուծի, քանի որ նախատեսվում է տվյալներն էլեկտրոնային շտեմարաններից ինքնաշխատ բեռնելու արդյունքում անճշտություններ հայտնաբերելու դեպքում մեկ կոճակի օգնությամբ տվյալ կառույցին հաղորդագրություն ուղարկել տվյալները վերանայելու և ճշգրտելու համար»,- նշեց Հակոբյանը:

Կոռուպցիայի կանխարգելման գործընթացում Հակոբյանը կարևոր համարեց շեշտել նաև պետական և մասնավոր՝ ՏՏ ոլորտի համագործակցության մասին։ Նոր էլեկտրոնային համակարգի ստեղծման համար ընտրվել է ՏՏ ոլորտի կայացած տեղական կազմակերպություն, որի հետ շարունակական համագործակցության արդյունքում արվում և արվելու է ամեն հնարավորը առավելագույն արդյունքի հասնելու համար։

Synergy Armenia ընկերության PFM Domain-ի ծրագրերի տնօրեն Հայկ Մանուկյանը նշեց՝ թվային նոր համակարգը հնարավորություն է տալու բարելավել հայտարարագրման գործընթացը, մասնավորապես՝ ավելի դյուրին է դարձնելու հայտարարագիր լրացնելը հայտարարատուների համար և հայտարարագրերի վերլուծությունները՝ համապատասխան մասնագետների համար։

Նրա խոսքով՝ առնվազն մի քանի տասնյակ հազար անձ տարեկան ներկայացնում է գույքի և եկամուտների մասին հայտարարագիր: Դրանք ամբողջությամբ վերահսկելն ու վերլուծելը, վերիֆիկացնելը հատ առ հատ իրատեսական չէ։

Նա ընդգծեց, որ համակարգի առաջ դրված է մի քանի խնդիր․ «Ամբողջ գործընթացն ավտոմատացվելու է, կլինի հայտարարագրվող տվյալների ինքնաշխատ բեռնման հնարավորություն տարբեր գերատեսչությունների էլեկտրոնային շտեմարաններից, և հայտարարատուն ստիպված չի լինի ամեն անգամ միևնույն տվյալները նորից լրացնել։ Համակարգը հնարավորություն կտա մշակել և ունենալ կոնկրետ պայմանների վրա կառուցված ավտոմատացված հաշվետվություններ, կապահովի առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն, քանի որ իրական ռեժիմով առկա հրապարակման ենթակա տվյալները ներբեռնելու, դրանց հիման վրա վերլուծություն իրականացնելու հնարավորություն կլինի»,- նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով՝ հայտարարագրերի վերլուծությունը ներկա պահին իրականացվում է պահանջվող տվյալները մեխանիկական եղանակով կիսաավտոմատացված ծրագրեր մուտքագրելու միջոցով: Հնարավորություն կստեղծվի հայտարարագրերի վերլուծության գործընթացը ևս առավել արդյունավետ դարձնել։

Համակարգը հնարավորինս զերծ կլինի մարդկային գործոնով պայմանավորված ընտրողական մոտեցումներից։ «Հանձնաժողովը կունենա տվյալների շտեմարանը վերլուծելու լավ գործիքներ։ Համակարգը թույլ կտա լրատվամիջոցներին կամ պարզապես հետաքրքրված անձանց հեշտ կատարել իրենց որոնումները, կատարել որոշակի վերլուծություններ, այսինքն` հաշվետվություններ ստանալ, ստեղծել գտնել իրենց ուզածը։ Ունենալու ենք գործիքներ, որ մարդիկ կարողանան հեշտ վերլուծել, թե օրինակ՝ ովքեր ունեն X գնից թանկ մեքենա, ոչ թե բացեն հերթով նայեն։ Հիմա համակարգը նախագծման փուլում է, թե քանի գործիք ենք ստեղծելու, հստակ նշել հնարավոր չէ»,- առանձնացրեց ծրագրերի տնօրենը։ Նա նշեց, որ ծրագրում ներգրավված են նաև միջազգային փորձագետներ, ովքեր, միջազգային փորձից ելնելով, կարողանում են խորհուրդներ տալ։

Synergy Armenia ընկերության գործառնական տնօրեն (Chief Operating Officer) Հասմիկ Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք ստեղծում են համակարգեր աշխարհի տարբեր երկրներում կառավարությունների կամ խոշոր հասարակական կազմակերպությունների աշխատանքների թվայնացման համար։ Վստահեցրեց՝ շատ ուրախ են, որ իրենց տրամադրած համակարգերը այդ երկրներում կյանքը զգալիորեն բարելավում են։

Նմանատիպ համակարգեր ստեղծվել են աշխարհի 86 երկրում՝ փոխելով այդ երկրների հանրային կյանքը։ Քանի որ իրենց տեխնոլոգիական ներուժը Հայաստանում է, իրենց համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում նույնպես իրենց ստեղծած արտադրանքը կիրառվի և օգտակար լինի: «Այս համակարգը, որի վրա նոր ենք սկսել աշխատել, կարծում եմ՝ կլինի մեր մտքի և տեխնոլոգիայի ներդրումը Հայաստանում, և դրանից Հայաստանը շատ մեծ օգուտներ կստանա։ Այլ համակարգեր ևս ստեղծել են Հայաստանի համար»,- ասաց Մարտիրոսյանը։

Պետական ոլորտում նման համակարգեր ներդնելու համապատասխան պայմանագրերը տրամադրվում են պետական գնումների գործընթացով: Պետք է մասնակցեն մրցույթների, և հաղթելու դեպքում արդեն պայմանագիրը իրենց է տրամադրվում։ Մարտիրոսյանը ընդգծեց, որ տեխնոլոգիաների շնորհիվ ձգտում են դրական ազդեցություն ունենալ հասարակության կյանքում՝ դառնալով հուսալի ու մրցունակ: Տարբեր երկրներում նմանատիպ համակարգեր ստեղծելու մեծ փորձ ձեռք բերելով՝ ընկերության հայկական գրասենյակից վստահեցնում են՝ շատ մեծ հնարավորություններ են ունենում այդպիսի մրցույթներում հաղթելու համար:»։