ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Դատավորների կարգապահական պատասխանատվությունը» խորագրով սեմինարին մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները

14.12.2021


Ծաղկաձորում հրավիրված սեմինարի ընթացքում դատաիրավական համակարգի մի խումբ ներկայացուցիչներ միջազգային փորձագետների հետ քննարկել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու նախապայմաններին առնչվող հարցեր:

Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Բարձրագույն դատական խորհրդի համագործակցության շրջանակում 2021 թվականի դեկտեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կայացած հիբրիդային ֆորմատով սեմինարին մասնակցել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ Մարիամ Գալստյանը և Նարեկ Համբարձումյանը, հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ Մարիաննա Բաղինյանն ու վարույթների և իրավական ապահովման վարչության պետ Գյուլնարա Սարգսյանը:

Սեմինարի ընթացքում քննարկվել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու նախապայմանների, դատավորների կարգապահական պատասխանատվության և գերմանական կարգապահական իրավունքի հիմքերի վերաբերյալ հիմնահարցեր, դրանց առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:

Այս ուղղությամբ գերմանական փորձը ներկայացրել են Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասի գերագույն վարչական և սահմանադրական դատարանների նախագահ Լարս Բրոքերը և Ռայնլանդ-Պֆալց երկրամասի գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր և դատավորների կարգապահական ու ծառայողական հարցերով զբաղվող դատարանի մշտական անդամ Կլաուս-Ախիմ Բոնիկովսկին: