ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Վերապատրաստման դասընթաց ԿԿՀ աշխատակիցների համար

26.11.2021


2021 թվականի նոյեմբերի 4-ին և նոյեմբերի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի ունեցավ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին ԿԿՀ աշխատակիցները։

«ԿԿՀ-ի կողմից իրականացվող վարչական ընթացակարգերի բարելավում» և «Վարչական դատարանի վարույթները և ԿԿՀ-ն» խորագրով դասընթացները վարում էր Հայաստանում իրականացվող արդարադատության համակարգի ամրապնդման ծրագրում թիմի ղեկավարի տեղակալ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արման Զրվանդյանը, որը ներկայացրեց վարչարարության և վարչական վարույթի ճիշտ տարբերակման անհրաժեշտությունը և իրականացման մեխանիզմները՝ անդրադարձ կատարելով ընդհանուր և հատուկ վարչաիրավական նորմերին, հայեցողական և կաշկանդված լիազորություններին, վարչարարության հիմնական սկզբունքներին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքին և ԿԿՀ գործունեությանն առնչվող այլ թեմաներին։

Դասընթացին ներկայացվող ակադեմիական տեղեկատվությունը զուգորդվում էր բազմաթիվ պրակտիկ օրինակներով և թեմային առնչվող դատական գործերի ներկայացմամբ, որոնք էլ քննարկվում էին ԿԿՀ աշխատակիցների հետ Հանձնաժողովի գործառույթների տեսանկյունից: Հընթացս ԿԿՀ աշխատակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնել աշխատանքային գործընթացում կուտակված իրավական հարցերը և լսել դրանց վերաբերյալ դասընթացավարի մեկնաբանությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով համանման դասընթացների անցկացումը կրելու է պարբերական բնույթ։

Սույն դասընթացը տեղի է ունեցել Եվրոպական Միության, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), Expertise France կազմակերպության և Լատվիայի Հանրապետության վարչական դատարանի աջակցությամբ։