ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահը հյուրընկալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում

13.10.2021


Այս օրերին Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմը հյուրընկալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:

Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն նոր մարմինների ձևավորման համատեքստում ԱՄԷ պաշտոնյանին ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերն ու նշանակությունը, պատվիրակված գործառույթները և ակնկալինքները:

Հարիբ Սաիդ ալ-Ամիմն էլ իր հերթին ներկայացրել է ԱՄԷ վերահսկիչ պալատի գործառույթները և ԿԿՀ-ի հետ հնարավոր փոխգործակցության ուղիներ նախանշել:

Հայկուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հարիբ Սաիդ ալ-Ամիմին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությամբ հետաքրքրվելու և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության համար:

Պալատի նախագահը գոհունակություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ երկկողմ կապերն ամրապնդելու լավ նախադրյալներ կան:

Հարիբ Սաիդ ալ-Ամիմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա կապերն ակտիվացնելու համար ձևավորել համագործակցության օրակարգ և առաջ մղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը: