ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի լրացման և ԿԿՀ կողմից դրա ուսումնասիրության գործընթացը

07.10.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ Մարիաննա Բաղինյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում է մանրամասներ բարեվարքության ինստիտուտի մասին

Ի՞նչ նպատակով է իրականացվում պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության նպատակն է ապահովել այնպիսի անձանց նշանակումը պետական պաշտոններում, ովքեր իրենց վարքագծով կնպաստեն հանրային ծառայության և պետական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը, միևնույն ժամանակ, օժտված կլինեն ազնվության, անաչառության, մասնագիտական բարձր պատասխանատվության և որոշումների կայացման գործընթացում անկախության, օբյեկտիվության, հավասարության սկզբունքների պահպանման հատկանիշներով։

Ե՞րբ է ներդրվել բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության համակարգը և մինչ օրս Հանձնաժողովի կողմից քանի՞ եզրակացություն է ներկայացվել։

Օրենսդրական բարեփոխումների արդյունքում պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացը մեկնարկել է 2020թ մայիսից։ Նշված ժամանակահատվածից ի վեր Հանձնաժողովն իրականացրել է ավելի քան 95 անձի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով Հանձնաժողովի կողմից համապատասխան մարմիններ է ներկայացվել 46 դրական, 36 դրական վերապահումով, 12 բացասական բնույթի խորհրդատվական եզրակացություն։  Հանձնաժողովի անդամների 2 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցության հանգամանքով պայմանավորված՝ 1 անձի վերաբերյալ եզրակացություն չի տրամադրվել։

Հանձնաժողովը պետական ո՞ր պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ է ուսումնասիրություններ կատարում։

Հանձնաժողովը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, իրականացնում է Սահմանադրական դատարանի թեկնածուների, Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պաշտոններում նշանակման ենթակա անձանց, օրինակ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազի թեկնածուների, Վերաքննիչ քրեական դատարանի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված գործերով դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ։

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում ի՞նչ բնույթի խորհրդատվական եզրակացություն է ներկայացվում համապատասխան մարմիններին

Հանձնաժողովը, գնահատելով բարեվարքության հարցաթերթիկում լրացված տվյալների արժանահավատությունը, համադրելով իրեն հայտնի դարձած տեղեկությունների հետ, ամփոփում է և դրանց արդյունքում համապատասխան մարմին է ներկայացնում «դրական»,  «դրական վերապահումով»  և «բացասական»  բնույթի խորհրդատվական եզրակացություններ։

Խորհրդատվական եզրակացությունների կայացման գործընթացում Հանձնաժողովը, որպես բացասական գործոն, կարող է դիտարկել թեկնածուի կողմից ներկայացված թերի կամ ոչ արժանահավատ տեղեկությունները, գույքի և եկամուտների վերաբերյալ ոչ ամբողջական տվյալները, հայտարարագրված դրամական միջոցների և օրինական եկամուտների միջև անհամապատասխանությունը, մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորած վարքագիծը, իրական շահերի բախման առկայությունը և դրա հնարավորությունը և այլն։

Ի՞նչ բաղադրիչներ է ներառում բարեվարքության ուսումնասիրությունը

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունը ներառում է

- հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում,

- անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների ուսումնասիրություն,

- անձի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների, գույքային դրության՝ փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի, աշխատանքային գործունեության վերաբերյալ, քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության վերաբերյալ ուսումնասիրություններ։

Ինչպե՞ս է ստուգվում թեկնածուի բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացված տեղեկատվության արժանահավատությունը

Հանձնաժողովը բարեվարքության ուսումնասիրության գործընթացում թեկնածուների կողմից ներկայացված տեղեկությունների արժանահավատությունն ստուգելու, ինչպես նաև նրանց վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով իրավասու է պետական և ՏԻՄ մարմիններից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, ինչպես նաև այլ անձանցից պահանջել տեղեկություններ և փաստաթղթեր։

Անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող անձի հետ ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, նրանց խնդրանքով կամ այլ հարցով դիմելու, նրանցից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, անհատական հանդիպման, հեռախոսային խոսակցությունների, այլ հեռահար հաղորդակցություն ունենալու, ինչպես նաև ցանկացած այլ անձնական կապ ունենալու վերաբերյալ ուսումնասիրության նպատակով, Հանձնաժողովը կարող է դիմել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալ համապատասխան տեղեկություններ։

Թեկնածուն ի՞նչ տվյալներ պետք է լրացնի բարեվարքության հարցաթերթիկում

Թեկնածուն, լրացնելով բարեվարքության հարցաթերթիկը, ներկայացնում է իր կենսագրության, վերջին 5 տարիների բնակության, սոցիալական ցանցերի հաշիվների, վերաբերելի դեպքերում՝ զինվորական ծառայության, կոնկրետ գործունեությամբ զբաղվելու արտոնագրերի, կուսակցություններին անդամակցելու, նախկինում հանրային պաշտոնի համար մրցույթի մասնակցության, կրթության և աշխատանքային փորձի, քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով իր ընտանիքի անդամների, իր և իր ընտանիքի անդամների սեփականության, արժեթղթերի և այլ ներդրումների, փոխառությունների և ավանդների, թանկարժեք գույքի և դրամական միջոցների մասին տվյալներ։

Արդյո՞ք Հանձնաժողովն իրավասու է թեկնածուներից պահանջել լրացուցիչ պարզաբանումներ

Հանձնաժողովը հարցաթերթիկում լրացված տվյալների և իր կողմից օրենքով նախատեսված տեղեկությունների համադրության արդյունքում իրավասու է թեկնածուից պահանջել և ստանալ առաջացած հարցադրումների վերաբերյալ պարզաբանումներ։