ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պաշտոնյայի առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության վերաբերյալ դիմումները և քաղաքացիներից Հանձնաժողովին հասցեագրվող դիմումների ընթացքը

06.09.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման բաժնի պետ Գյուլնարա Սարգսյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում է Հանձնաժողով հասցեագրվող դիմումների և վարույթների վերաբերյալ մանրամասներ:

Քաղաքացիներն ինչպիսի բովանդակությամբ դիմումներ են հասցեագրում Հանձնաժողով:

Քաղաքացիներն առավել հաճախ Հանձնաժողով դիմում են կոնկրետ դատական գործերով կայացված դատական ակտերի առնչությամբ՝ հայտնելով իրենց դժգոհությունը: Դիմումներով, երբեմն, պահանջ է ներկայացվում Հանձնաժողով՝ կարգապահական վարույթներ հարուցել կոնկրետ դատավորների նկատմամբ: 

Հանձնաժողովին հասցեագրվող դիմումների որոշ մասն էլ առնչվում է տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը, դիմումատուների մտերիմների անօրինական գործողություններին, կազմակերպություններում աշխատանքի անցնելու, աշխատանքից ազատման հետ կապված խնդիրներին:

Օրենսդրությամբ սահմանված Հանձնաժողովն ինչպիսի դիմումների է իրավասու պատասխանելու:

Հանձնաժողովին հասցեագրվող բոլոր դիմումները, որոնք անգամ դուրս են Հանձնաժողովի իրավասության շրջանակից, ուսումնասիրվում են և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում վերահասցեագրվում են իրավասու այլ մարմիններին՝ ծանուցվում դիմողին: Այն դիմումները, որոնք պարունակում են  հանցագործության վերաբերյալ առերևույթ հատկանիշներ, Հանձնաժողովը դիմումն ամբողջությամբ, առկայության դեպքում՝ նաև կից փաստաթղթերի փաթեթը, ուղարկում է իրավապահ մարմիններ:

Վերահասցեագրման հետ մեկտեղ դիմումատուին գրավոր պարզաբանվում է Հանձնաժողովի գործառույթները և դիմումով ներկայացված հարցի՝ Հանձնաժողովին վերապահված գործառույթների շրջանակից դուրս լինելու հանգամանքը: Այն դիմումները, որոնցում բարձրացված խնդիրները բովանդակային առումով վերաբերում են դատավորների կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի առերևույթ խախտումներին, որոնցով դիմումատուները հաճախ նաև պահանջում են, որ Հանձնաժողովը կարգապահական պատասխանատվության ենթարկի կոնկրետ դատավորի, վերահասցեագրվում են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով:  Ընթացիկ տարում Հանձնաժողովը նյութական և դատավարական իրավունքի նորմերի առերևույթ խախտումների վերաբերյալ թվով 7 դիմում է վերահասցեագրել:

Եթե ուղարկվում է որևէ պաշտոնատար անձի առերևույթ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության վերաբերյալ դիմում, ինչպիսի միջոցներ են կիրառում:

Այն դիմումները, որոնցում բարձրացված հարցի լուծումն օրենքով սահմանված կարգով վերապահված է Հանձնաժողովին՝ դիմումը մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարուցվում է վարույթ: Այս առումով Հանձնաժողովին առնչվող դիմումի առարկան և պահանջը հիմնականում պաշտոնատար անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերևույթ խախտումներ թույլ տալու դեպքերն են: Նշված խախտումների մասով պաշտոնատար անձանց շրջանակն ընդգրկում է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված բոլոր պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքի ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանի ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց: Հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու հիմք են նաև այն դիմումները, որոնք վերաբերում են պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ՝ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի պետական պաշտոն զբաղեցնող անձինք), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների առերևույթ խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերին:

Վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմումները պետք է պարունակեն նաև առերևույթ խախտում թույլ տված պաշտոնատար անձանց անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանման մասին տեղեկատվություն, որտեղ անձինք պաշտոն են զբաղեցնում: Վարույթ հարուցելուց բացի, այն դիմումները, որոնք հայտարարագրի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ է պարունակում, հիմք են, որպեսզի Հանձնաժողովն օրենքով սահմանված գործիքակազմով՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացմամբ, վերլուծության ենթարկի պաշտոնատար անձի հայտարարագիրը:

Դիմումների քննության արդյունքում ինչպիսի որոշումներ է կայացնում Հանձնաժողովը:

Օրենքին համապատասխան ներկայացված անձանց դիմումների հիման վրա Հանձնաժողովի կողմից առերևույթ խախտումների հիմքով հարուցվում և իրականացվում են վարչական վարույթներ, որոնցում, քննության առարկա է դառնում առերևույթ խախտում թույլ տված լինելու հանգամանքի հաստատման կամ հերքման հարցը: Վարույթը եզրափակվում է Հանձնաժողովի եզրակացությամբ, որով լուծվում է գործով քննարկած հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողի վարքագծում խախտման առկայության կամ բացակայության հարցը:

Քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացված հայտարարագրերի վերլուծության արդյունքում, եթե Հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ: Նշված վարույթների արդյունքում խախտում թույլ տված հայտարարատուների նկատմամբ կիրառվում են վարչական տույժեր՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: Եթե հայտարարատուն դատավոր կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, ապա հարուցվում է նաև կարգապահական վարույթ, իսկ վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը դատավորին կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հետ ներկայացվում են Բարձրագույն դատական խորհուրդ։

Արդյո՞ք Հանձնաժողովն իրավասու է մամուլում հրապարակված կոռուպցիոն տարրեր պարունակող երևույթների վերաբերյալ վարույթներ հարուցելու. ինչպիսի ընթացակարգ է այս դեպքում ենթադրվում:

Այո, իրավասու է, քանի որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների առերևույթ խախտումների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթների հարուցման առանձին հիմք են հանդիսանում նաև լրատվամիջոցների հրապարակումները: Հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումներն իրենց հերթին օրենքով նախատեսված հիմք են նաև Հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծություն իրականացնելու համար: