ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային ծառայողների վարքագծի նկատմամբ կսահմանվեն միասնական պահանջներ

28.07.2021


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության և հանրային ծառայողների վարքագծի վերահսկման վարչություններն ակտիվորեն աշխատում են հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների և պետական ու համայնքային մի շարք պաշտոնների համար նախատեսված վարքագծի կանոնագրքի մշակման ուղղությամբ։

«Հանրային ծառայողների վարքագծի կանոնների հստակությունը, դրանց կիրառման միատեսակությունը, ինչպես նաև դրանց պատշաճ կիրառումն ապահովող իրավակարգավորումները շատ կարևոր են, քանի որ վարքագծի նոր կանոնների միջոցով պետք է հիմք դրվի հանրային ծառայողի կերպարի վերափոխմանը, սահմանվեն «խաղի կանոնները» և ստեղծվի պատշաճ հասարակական պահանջ հանրային ծառայողների՝ հատկապես պաշտոնատար անձանց վարքագծի նկատմամբ»,-ասել է Հանձնաժողովի անդամ, մեթոդական աջակցության և հանրային ծառայողների վարքագծի վերահսկման վարչությունները համակարգող Լիլիթ Ալեքսանյանը՝ նշելով, որ այս աշխատանքներն իրականացվում են ԵԽ աջակցությամբ.

Ներկայում առկա է հանրային պատկերացում պաշտոնատար անձանց ակնկալվող վարքագծի նկատմամբ, սակայն վարքագծի միասնական կանոնագրքի բացակայության պարագայում պահանջը կարող է տարբերվել տարբեր շահեր հետապնդող խմբերի մոտ։ Վարքագծի կանոնների ընկալման, դրանց մեկնաբանման միատեսակությունն ապահովելու նպատակով թե՛ տիպային կանոնները, թե՛ վարքագծի կանոնագիրքը կուղեկցվեն մանրամասն ուղեցույցով, որն օրինակների միջոցով կբացի և կմասնավորեցնի վարքագծի յուրաքանչյուր կանոնը։

«Այս գործիքը կապահովի մեկնաբանման միատեսակությունը և կբացառի հնարավոր չարաշահումները։ Կարևոր է նաև ապահովել կանոնների ազդեցության միատեսակությունը կիրառվող պատասխանատվության տեսանկյունից, մասնավորապես՝ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ այս կամ այն կանոնի համար հստակ սահմանված լինի նվազագույն և առավելագույն պատասխանատվության չափը, ինչն էլ կապահովի, որ կանոնները ծառայեն բուն նպատակին՝ հանրային ծառայողների բարեվարքությանը, և չծառայեն մասնավոր նպատակների կամ չշրջանցվեն անհամաչափ մեղմ պատասխանատվության կիրառման միջոցով»,- նշել է Լիլիթ Ալեքսանյանը։