ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը հյուրընկալել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը

25.10.2018


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Համաշխարհային բանկի` Հարավային Կովկասի տարածաշրջանում կառավարման բարեփոխումների համակարգման տարածաշրջանային պատասխանատու, հանրային հատվածի առաջատար մասնագետ Կատրին Ա. Պլանջեմանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը: Հանդիպման նպատակն էր հանձնաժողովի հետ քննարկել Հայաստանի հանրային կառավարման և հակակոռուպցիոն բարեփոխումների առաջնահերթություններն ու հանձնաժողովի գործունեության արդյունքները:
Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցած հայաստանյան օրենսդրական և ինստիտուցիոնալ զարգացումները, ինչպես օրենսդրության կիրարկմանն ուղղված հանձնաժողովի ջանքերը: Հանձնաժողովը պատվիրակության ուշադրությունն է hրավիրել նաև էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի կատարելագործման, էլեկտրոնային հայտարարագրերի վերլուծության գործիքների արդյունավետության բարձրացման և իրավապահ մարմինների հետ համագործակցության բարելավման հարցերին:
Համաշխարհային բանկի գործընկերները բարձր են գնահատել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հանձնաժողովի ջանքերը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը հանձնաժողովի հետ: