ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի նիստին

10.07.2018


2018 թվականի հուլիսի 3-5-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏԶՀԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստին: Նիստին մասնակցել են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ոլորտում որոշումներ կայացնող կազմակերպություններ, ՏԶՀԿ անդամ երկրների Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբերի անդամներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Երկկողմանի խորհրդակցություններ, նախնական քննարկումներ և ոլորտային գնահատումներ են անցկացվել Հայաստանի, Ղրղզստանի և Ուկրաինայի վերաբերյալ ՏՀԶԿ ՀԿՑ չորրորդ փուլի մոնիտորինգի զեկույցների (կհրապարակվի 2018թ.-ին), ինչպես նաև Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Տաջիկստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի առաջընթացի զեկույցների վերաբերյալ:
Հարկ է նշել, որ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի շրջանակներում Հայատանի Հանրապետության կողմից ստանձնած կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված 23 (հակակոռուպցիոն քաղաքականություն, հետազոտություններ, ՀԿ-ների մասնակցություն և իրազեկվածության բարձրացում, հակակոռուպցիոն հաստատություններ, կոռուպցիայի քրեականացում, անձեռմխելիություն, բանկային գաղտնիք և համալիր ֆինանսական դեպքեր, կոռուպցիոն դեպքերի հետաքննություն և հետապնդում, վիճակագրություն, Էթիկայի հանձնաժողով, էթիկայի հանձնաժողովներ հանրային հաստատություններում, էթիկայի կանոններ, արժանիքների վրա հիմնված աշխատանքի ընդունում, շահերի բախում, ազդարարում, էթիկայի վերապատրաստում, հանրային կառավարման ոլորտում թափանցիկություն և հայեցողություն, հանրային գնումներ, հասանելիություն տեղեկատվությանը, դատական համակարգ, գործարար բարեվարքություն) հանձնառություններից 3-ն են (Էթիկայի հանձնաժողով, շահերի բախում, անձեռմխելիություն) գնահատվել որպես ամբողջովին կատարված: Ընդ որում, դրանցից երկուսը (Էթիկայի հանձնաժողով, շահերի բախում) վերաբերում են անմիջապես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: