ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Շահերի բախումը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կապված ընկերությունների մասնակցությամբ գնումների գործընթացում

05.06.2018


2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտ ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների ուսումնասիրություն:
2181 հայտարարագրի և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս են բերվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առևտրային կազմակերպությունների տվյալներ:
Պարզվել է, որ 2014-2017թթ. ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առևտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող: Նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:
Ուսումնասիրված 709 պայմանագրերից 99-ում (14%) առկա է շահերի առերևույթ բախման իրավիճակ. բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ անձը պաշտոն է զբաղեցրել: Նշված պայմանագրերում թեև բացակայել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց ստորագրությունները, այդուհանդերձ, մրցույթների իրականացման և հաղթող մասնակիցների որոշման գործընթացում նրանց շահագրգիռ միջամտության հնարավորությունը չպետք է բացառել ինչպես հորիզոնական, գործընկերային հարաբերությունների, այնպես էլ՝ վերադասի լիազորությունների իրացման միջոցով: Այդ մասին են վկայում ընդհանուր օրինաչափությունից շեղումները:
Այսպես, պայմանագրերից 469-ը՝ 66%-ը, կնքվել է առանց հայտարարության՝ բանակցային ընթացակարգի շրջանակներում: Համադրելով այս ցուցանիշը 2016-2017թթ. կայացած գնումներում նշված ընթացակարգին բաժին ընկնող միջին ցուցանիշի հետ (շուրջ 12%)՝ բացահայտվել է էական տարամիտում, ինչն օրինաչափ չէ և վկայում է շահերի բախման ռիսկերի մասին: Ընդ որում, մեկ անձից գնման ընթացակարգով կատարված գնումներին 709 պայմանագրերից բաժին է ընկել 96-ը (13.5%) (փաստաթղթերը հաճախ չեն հրապարակվել):
Նույն կերպ, եթե 2016-2017թթ. կայացած գնումների ամբողջ ծավալի շուրջ 49%-ն է բաժին ընկնում այդ ընթացակարգին, ապա բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1.8%: Հարկ է նշել, որ «Գնանշման հարցում» ընթացակարգը ենթադրում է գնային առաջարկների մրցակցության և ծախսային արդյունավետության ավելի բարձր մակարդակ:
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ շահերի բախման գործող օրենսդրական կարգավորումները նեղ են և լիարժեք չեն արտացոլում իրական ռիսկերը: Արդյունքում, բազմաթիվ իրավիճակներ չեն նույնականացվում որպես շահերի բախում և որևէ իրավական հետևանք չեն առաջացնում:
Սույն թվականի հունիսի 5-ին ուսումնասիրության արդյունքները քննարկվել են շահագրգիռ պետական մարմինների և մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման արդյունքներն ամփոփելուց հետո ՀՀ կառավարություն կներկայացվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ՝ միտված քաղաքական և գործարար շահերի գործնական տարանջատվածության ապահովմանը: