ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ներկայացվել է հայտարարատուների շրջանակի ընդլայնման նախաձեռնություն

22.11.2016

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության առաջնահերթություններից է հայտարարագրման համակարգի զարգացումն ու բարեփոխումը և այդ կապակցությամբ, Հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարություն է ներկայացրել առաջարկություն, որով նախատեսվում է օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն կրող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնումն այն տրամաբանությամբ, որ այդ ցանկում ներառվեն նաև հանրային ծառայության առանձին ոլորտների պաշտոնների համապատասխան խմբերում ընդգրկված անձինք: Մասնավորապես, առաջարկվել է Հանձնաժողովին հայտարարագիր ներկայացնելու պարտականության սահմանել՝ ա) բոլոր դատախազների և ՀՀ դատախազության աշխատակազմի ղեկավարի, բ) ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների, նախարարությունների, վերջիններիս կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, մարզպետարանների և օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների աշխատակազմերում պաշտոնների բարձրագույն խմբում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող անձանց, գ) 15.000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների, դ) Հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեում և քննչական կոմիտեի դեպարտամենտում ծառայությունների պաշտոնների բարձրագույն խմբում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող անձանց, ե) հարկային և մաքսային ծառայությունների բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոնների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց, զ) դատական և դիվանագիտական ծառայությունների բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց և է) ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչների համար: