ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Տեղի է ունեցել «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովումը» թեմայով աշխատաժողով

03.06.2016

2016 թվականի հունիսի 3-ին տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովումը» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական մարմինների էթիկայի հանձնաժողովների պաշտոնյաներ և էթիկայի հարցերով պատասխանատուներ: Միջոցառմանը զեկույցով հանդես է եկել և քննարկումները վարել է էթիկայի ոլորտում միջազգային ճանաչում ունեցող փորձագետ Վալթս Կալնինսը:
Աշխատաժողովի նպատակը հանրային ծառայության ընտրված ոլորտներում վարքագծի կանոնների պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և հսկողություն իրականացնող օղակների կարողությունների զարգացմանն աջակցելն էր: Միջոցառման մասնակիցներին ներկայացվել են էթիկայի ոլորտի համակարգման միջազգային մոդելներ, համակարգող մարմնի կողմից պետական մարմինների էթիկայի պատասխանատուներին աջակցելու մեխանիզմներ, ինչպես նաև էթիկայի կանոններին համապատասխանող վարքագիծ խթանելու գործիքներ: Աշխատաժողովի երկրորդ մասն անց է կացվել ինտերակտիվ մեթոդով՝ մասնակիցների ակտիվ ներգրավմամբ, որի ժամանակ ձևավորված խմբերը քննարկել են էթիկայի կանոնների պահպանմանն առնչվող իրավիճակներ, ինչպես նաև առաջարկել դրանց հնարավոր լուծումներ: