ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Տեղի է ունեցել «Էթիկայի կրթություն» թեմայով խորհրդաժողով

26.01.2016


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրավիրել է բուհերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ մասնակցելու էթիկայի կրթությանը նվիրված խորհրդաժողովին, որի ընթացքում քննարկվել են էթիկայի կրթությանն առնչվող խնդիրները Հայաստանում և արտերկրում: Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարել է, որ կոռոպցիան կայուն զարգացման լրջագույն խոչընդոտն է և միջազգային կառույցները շարունակելու են աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի իր ջանքերում: Նա ընդգծել է կրթության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի (GIZ) տնօրեն Աննե Դորիթ Քեմփան ասել է, որ իր կառույցն իրականացնում է բազմաթիվ հակա¬կոռուպցիոն ծրագրեր: Նա ընդգծել է կայուն զարգացման գործում բարեվարքության ու կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է Հանձնաժողովի կողմից մշակված Հանձնաժողովի ռազմավարության նախագծում արտացոլված էթիկայի կրթության և կարողությունների զարգացման հիմնական միջոցառումները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղիները:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ողջունել է ներկաներին և խոսել կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի նոր լուծումների կարևորության մասին:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշել է, որ դժվար է պատկերացնել արդարադատու¬թյունն առանց բարեվարքության: Նա ներկայացրել է հակակոռուպցիոն կարողությունների ստեղծմանն ու բարելավմանն ուղղված՝ ակադեմիայի կողմից իրականացվող ծրագրերի համակարգը:
Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Էլիզաբեթ Թոյբլի կողմից ընդգծվել է բարձրակարգ դասավանդման և ուսումնառության կարևորությունը: Նա անդրադարձել է կառույցի կողմից իրականացվող հակակոռուպցիոն կրթական ծրագրերին:
Քրիսթիան Միխելսենի համալսարանի U4 հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Բորիս Դիվյակը շեշտադրել է կրթության միջոցով կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ներկայացրել է U4 հակակոռուպցիոն կենտրոնի՝ պետական պաշտոնյաների համար առաջարկվող առ¬ցանց դասընթացները, որոնց նպատակն է զարգացնել շահերի բախման դեպքեր բացահայտելու և կանխարգելելու կարողություններ:
Բարեվարքությունը կարևորագույն առաջնահերթություն է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համար: Նա խոսեց համալսարանի բարեվարքության համակարգի մասին, որը երաշխավորում է հետազոտությունների և դասավանդման գործընթացներում համապատասխան վարքագիծ:
Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարուժան Հոկտանյանն անդրադարձել է էթիկայի հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման գործում հասարակական կազմակերպությունների կարևորագույն դերին:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսել է ոլորտի էթիկային ուղղված ինքնակարգավորվող կառուցակարգերի և Հայաստանում դրանց կիրառման արդյունավետության մասին:
Խորհրդաժողովը կազմակերպվել է Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) աջակցությամբ՝ հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակներում: