ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցել է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի պատվիրակության հետ քննարկումներին

02.08.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմինների, Երևանում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի պատվիրակության կողմից 2014 թվականի հուլիսի 21-ից 24-ը կազմակերպած՝ Հայաստանի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի իրականացման մոնիտորինգի 3-րդ փուլի քննարկումներին: ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի պատվիրակությունը ներկայացնում էին Հակակոռուպցիոն ցանցի ղեկավար Օլգա Սավրան և ծրագրի ղեկավար Տանյա Խավանսկան, ինչպես նաև հակակոռուպցիոն ոլորտի ճանաչված փորձագետներ: Հանդիպման ժամանակ hանձնաժողովը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի համակարգի զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերն ու գործողությունները, ինչպես նաև դրանց արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էթիկայի ոլորտի օրենսդրական կարգավորումներին, գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ու կատարելագործման քայլերին (այդ թվում՝ էլեկտրոնային հայտարարագրման համակարգի կիրարկմանը), հայտարարագրերին առնչվող սեմինարների անցկացմանն ու էթիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների մշակմանը, էթիկայի հարցերով հանրային իրազեկության բարձրացման նպատակով հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության զարգացման միջոցառումներին և այլն: Հանձնաժողովը նաև ներկայացրել է միջազգային ընդլայնված համագործակցության ծրագրերն ու էթիկայի ենթակառուցվածքների զարգացման նախաձեռնությունները: